Home / Հայաստան / Փոխզիջման դեպքում Սարգսյանը դժվար թե հաղթի 2013-ին. ֆրանսիացի փորձագետ

Փոխզիջման դեպքում Սարգսյանը դժվար թե հաղթի 2013-ին. ֆրանսիացի փորձագետ

Ղարաբաղյան հակամարտությունը խորապես մտահոգում է Միջազգային ճգնաժամային խմբին (ICG): Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է խմբի փոխնախագահ Ալեն Դելետրոզը:

Այն մասին, որ տվյալ հակամարտության շուրջ առկա իրավիճակը կարող է պայթել, նրա խոսքով, վկայում են զորքերի շփման գծում պարբերաբար իրականացվող փոխհրաձգությունն ու երկու կողմերում էլ առկա մարդկային զոհերը:

«Եվ քաղաքականապես ոչ մի առաջընթաց չկա: Մինսկի խմբի շրջանակներում էլ առաջխաղացում չկա: Երբ մի կողմն ասում է, որ պատրաստ է ընդունել Մինսկի խմբի ծրագրի`Մադրիդյան սկզբունքներ կոչվածի մի մասը, մյուս կողմը հայտարարում է, որ հենց այդ սկզբունքը ինքը չի ցանկանում ընդունել: Եվ ընդհակառակը: Հայաստանում այս պահին քաղաքական դաշտն այնքան էլ բարենպաստ վիճակում չէ այն առումով, որ Հայաստանի նախագահը ամենայն հավանականությամբ այս հարցում գործելու լուրջ տարածք չունի առաջընթացի համար: Եթե նա Ադրբեջանի հետ փոխզիջման գնալու քայլ անի, վախենամ, որ իրեն շատ դժվար լինի հաղթել հաջորդ նախագահական ընտրություններում:

Իսկ ահա Ադրբեջանում` այնտեղ այլ իրավիճակ է, քանի որ այնտեղ ուժեղ ընդդիմություն չկա: Հասարակական կարծիքն այնքան անզիջում է, որ եթե անգամ նախագահները բանակցությունների սեղանի շուրջ որևէ համաձայնության են գալիս, ապա տուն վերադառնալիս, ինչպես տեսել ենք նախկինում, հասարակական կարծիքը չի ընդունում անգամ այդ աննշան փոխզիջումները: Այնպես որ այնտեղ փակուղային իրավիճակ է, և պետք է սկզբում շատ աշխատել հասարակական կարծիքի փոփոխման ուղղությամբ, հասարակությանը փոխզիջումների համար պատրաստել»,- եզրափակել է Դելետրոզը:

Tekali Taxi