Այսօր ՀՀ կառավարության շենքի առջև քաղաքացիներ էին հավաքվել, որոնք բողոքում էին իրենց իրավունքների ոտնահարման դեմ:
Մինչ շենքում անցկացվում էր ՀՀ կառավարության հերթական նիստը, դրսում բողոքի ակցիա էին անցկացնում Ամիրյան փողոցից վտարված և մինչ օրս բնակարան չստացած քաղաքացիները: Նրանց կողքին կանգնած էր Հայ Ազգային Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին, ով պահանջում է կատարել Եվրոպական դատարանի` «Ա1+» հեռուստաընկերությանը եթեր վերադարձնելու մասին վճիռը: Գասպարին ներկայացել էր իր հայտնի պաստառով, որի վրա պատկերված է ՀՀ վարչապետը և գրված է. «Խուլիգան. Կատարիր Եվրոպական դատարանի վճռի պահանջը»:
Ամիրյան փողոցի 4/14-ից մինչև 4/24 տներից վտարված բնակիչների մասին խոսելով` բողոքավորներին աջակցություն ցուցաբերող «Սեփականության իրավունքի պաշտպանություն» հ/կ նախագահ Վաչագան Հակոբյանը նշեց, որ պետական կարիքների պատրվակով պատգամավոր Մելիք Գասպարյանը, ով երկու տարի առաջ մահացավ ավտովթարից, քաղաքապետարանից 4 տարի առաջ գնել էր տվյալ տարածքը:
«Նա պայմանագիր է կապում, որ մենք ձեզ պիտի տանք տուն, որոշ մարդկանց խաբում է և պայմանագիր չեն կնքում: Հիմա իր շենքն էլ, որը սկսել էր կառուցել` քանդել են», – Epress.am-ին տեղեկացրել է Հակոբյանը:
Նրա խոսքով` Գասպարյանը մահացել է, իսկ մարդիկ մնացել են փողոցներում:
Վաչագան Հակոբյանը տեղեկացրեց նաև, որ երկու օր առաջ իրենք հավաքվել էին նախագահական նստավայրի մոտ և պահանջում էին Սերժ Սարգսյանից, որ նա իրենց կամ ընդունի կամ գրավոր պատասխան տա:
Հակոբյանը նաև ասել է, որ ժամանակին, երբ Սերժ Սարգսյանը վարչապետ է եղել, նա իրենց ընդունել է և հրապարակային կերպով խոստացել է հարցին լուծում տալ:
«Անցել է երկու օր, բայց մենք դեռ պատասխան չունենք, թող մեզ վերջնական գրավոր պատասխան տան, թե մենք վախում ենք Ռոբերտ Քոչարյանից: Որովհետև, եթե այդ բանը բացվի, ուրեմն Ռոբերտ Քոչարյանին և Երվանդ Զախարյանին (Երևանի նախկին քաղաքապետ – Epress.am) պետք է պատասխանատվության ենթարկեն, որ թալանել են էս ժողովրդին: Հետո էլ ասում են` մենք մեր իշխանությանը չենք հարգում: էս իշխանությանը արժի՞ հարգել, որ մարդկանց հանել-շպրտել են դուրս: Մենք պայքարելու ենք մինչև հասնենք մեր նպատակին»,- ասել է Վաչագան Հակոբյանը: