«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհհնաիսյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք է հայտնել, որ ՀԱԿ-իշխանություն հարաբերություններում վերջին երեք տարիների ընթացքում եղել են փոփոխություններ:
«Մեզ համար քաղաքական դիալոգի, հանրային երկխոսության հարցը նոր չէ: Եվ այս երեք տարիների ընթացքում մենք ասում էինք, որ քաղաքական բանտարկյալները պետք է ազատ արձակվեն ոչ թե 2011 թվականի մայիս 28-ի նախաշեմին, այլ 2008-ի մայիս 28-ի նախաշեմին: Դրա համար թե պահանջները, թե երկխոսության ձևը նոր չեն, և «Ժառանգությանը» սրտամոտ են: Այն, որ նրանք հիմա երեք տարի ուշացումով երկուստեք մոտեցել են այդ եղանակին, դա, իհարկե, ողջունելի է, բայց անհրաժեշտ է, որ այդ երկխոսությունը չհեռանա բուն նպատակից»,- ասել է Հովհաննիսյանը:
Նա նաև պարզաբանել է, թե կոնկրետ որ նպատակի մասին է ինքը խոսում:
«Նպատակը պետք է լինի ՀՀ-ում ամբողջական իշխանության արտահերթ ու նորովի ձևավորում, որը «Ժառանգության» խորհրդի որոշումն է և ժողովրդի պահանջը»:
Նա նշել է, որ եթե ՀԱԿ-իշխանություն երկխոսությունը չի հեռանում այդ նպատակից, այն կարելի է ողջունել, բայց եթե դա նախընտրական էվոլուցիա է, այն ինքնին գոյության իրավունք ունի, բայց կարժանանա այլ հանրային ընկալման:
«Ժառանգության» առաջնորդը հավելել է, որ եթե մայիսի 28-ին քաղբանտարկյալներն ազատ արձակված լինեն, ողջունելի կլինի, և ինքը կհամարի դա համընդհանուր հաղթանակ, և ոչ թե հատվածական: