«Բժիշկ մահ» անվամբ հայտնի նախկին բժիշկ Ջեք Կևորկյանը տեղափոխվել է հիվանդանոց թոքերի բորբոքման և երիկամների հիվանդության պատճառով, հայտնում է Agence France-Presse-ը:
Մի քանի շաբաթ առաջ ևս 82-ամյա Ջեք Կևորկյանը ոչ շատ երկար ժամանակով հայտնվել էր հիվանդանոցում: «Բժիշկ մահի» ներկայացուցիչները պնդում են, որ նրա մոտ գերհոգնածություն է և նրա վիճակը չի կարելի ծանր գնահատել:
Նշենք, որ Ջեք Կևորկյանը 8 տարի բանտում է անցկացրել իրենց կյանքին վերջ տալ ցանկացող հիվանդներին ներարկման միջոցով կամ գազի թունավորման ճանապարհով մահանալ օգնելու համար: Կևորկյանը 130 հոգու օգնել է կյանքից հեռանալ: Նրան մեղադրել են սպանության մեջ այն բանից հետո, երբ մեղադրող կողմը տեսանյութ է ներկայացրել, որում տեղ է գտել հիվանդի ներարկման և մահվան գործընթացը: Ի դեպ, տեսանյութը Կևորկյանի ցանկությամբ հասանելի է եղել բոլորին:
Լավ վարքի համար «Բժիշկ մահը» վաղաժամ ազատ է արձակվել 2007 թվականին: Հաջորդ տարի նա մասնակցել է Կոնգրեսի ընտրություններին անկախ թեկնածուի կարգավիճակով, սակայն ընտրողների ձայների 3 տոկոսն էլ չի հավաքել: