ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացում որևէ փոխզիջում չի կարող լինել առանց Ղարաբաղի գիտության: Այս մասին «Эхо Москвы» ռադիոկայանի հետ զրույցում հայտարարել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը:
«Մենք բազմիցս հայտարարել ենք և շարունակում ենք հայտարարել, որ անհրաժեշտ է վերականգնել բանակցային գործընթացի ձևաչափը: Դուք գիտեք, որ Բուդաբեշտի ԵԱՀԿ գագաթաժողովի արդյունքների համաձայն, Ղարաբաղը համարվում է բանակցային գործընթացի լիիրավ անդամ: Եվ այսօր բանակցություններ են ընթանում առանց Ղարաբաղի մասնակցության, և դրանք չեն կարող լուրջ արդյունքների բերել: Այս առնչությամբ ևս մենք որոշակի աշխատանքներ ենք տանում և հույս ունենք, որ միջազգային հանրությունը և որոշակի լիազորություններով օժտված միջազգային կազմակերպությունները կհասկանան բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը: Ինչի արդյունքում մենք կարող ենք արդեն որոշակի արդյունքներ ակնկալել բանակցային գործընթացից»,- նշել է ԼՂՀ նախագահը:
Միաժամանակ նա ընդգծել է այն փաստը, որ փոխզիջումների հարցում Ադրբեջանի և Ղարաբաղի դիրքորոշումներում տարբերություններ կան. «Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը պարբերաբար կամ գրեթե ամեն օր հանդես է գալիս Ղարաբաղի հասցեին հնչող սպառնալիքներով: Եվ, բնականաբար, նման պահվածքը, նման քաղաքականությունը չի կարող նպաստել ոչ բանակցային գործընթացին, ոչ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Այդ իսկ պատճառով, նման պայմաններում փոխզիջումների մասին խոսել անգամ չենք կարող»: