Ռուսաստանյան «Эхо Москвы» ռադիոկայանի ոչ մի լրագրող չի մեկնի Ադրբեջան, մինչև դա չկարողանա անել գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանը: Այս մասին ռադիոկայնի եթերում հայտարարել է ռադիոկայանի գլխավոր խմագիր Ալեքսեյ Վենեդիկտովը:
Բունտմանի ղարաբաղյան այցելությունից հետո, որի ընթացքում լրագրողը մի շարք հարցազրույցներ է անցկացրել Արցախի ղեկավարների հետ, Ադրբեջանի ԱԳ նախարարությունը նրան «մտցրել է այն անձանց ցուցակի մեջ, որոնք անցանկալի են համարվում Ադրբեջանի համար»:
Մեկնաբանելով ադրբեջանական ԶԼՄ-ների հրապարակումներն այն մասին, որ ռադիոկայանի խմբագրի տեղակալը մեկ քառորդով հայ է` Վենեդիկտովը հայտարարել է. ««Էխո»-ի աշխատակիցը կարող է ցանկացած ազգի ներկայացուցիչ լինել: Գլխավորն այն է, որ նա պրոֆեսիոնալ կերպով անի իր աշխատանքը: Սերգեյը հիանալի է կատարել իր աշխատանքը, նա լավագույնս է վարում հարցազրույցները: Դուք չեք կարող որևէ կողմնակալություն գտնել կայքում հրապարակված նրա հարցազրույցում:
Ադրբեջանն արգելել է Բունտմանին մուտք գործել Ադրբեջանի որևէ հատված, բացառությամբ Ղարաբաղից, այդ ժամանակ միգուցե թո՞ւյլ տաք նա երեք չորրորդ մասով մեկ ա՞յլ տեղ մեկնի: Այս արգելքը նման է սեփական ոտքին կրակելուն: Մենք պետք է իմանանք, թե ինչ է այնտեղ կատարվում, դա մեր աշխատանքն է, թեև ես հասկանում եմ Ադրբեջանի ԱԳ նախարարության դիրքորոշումը: Սակայն, բացեմ գաղտնիքը, Ստեփանակերտի հարցազրույցից հետո Բունտմանը պետք է մեկներ Բաքու և Ղարաբաղի վերաբերյալ հարցազրույց աներ նախագահ Իլհամ Ալիևի կամ ԱԳ նախարարի հետ:
Նշեմ նաև, որ Ադրբեջանի հետ մենք առանց վիզային ռեժիմի ենք համագործակցում և երկիր մուտք գործելու համար Ռուսաստանի քաղաքացիներին հատուկ թույլտվություն անհրաժեշտ չէ»:
Այն հարցին, թե ինչու լրագրողը նախևառաջ չի գնացել Բաքու, Վենեդիկտովը նշել է, որ մինչ այժմ ռադիոկայանին մեղադրում էին ադրբեջանամետ դիրքորոշման մեջ: «Մարդիկ ասում են, որ մեր ռադիոյից դուրս չեն գալիս Իլհամ Ալիևը և Հեյդար Ալիևը, Գուսման եղբայրները: Այժմ մեղադրում են հայամետության մեջ: Մինչ այժմ մենք 3 անգամ հարցազրույցներ ենք ունեցել Իլհամ Ալիևի հետ և ոչ մի անգամ Սերժ Սարգսյանի: Ես անձամբ պայմանավորվել էի նրա հետ այդ հարցազրույցի վերաբերյալ, մեկնել եմ Երևան, սակայն հարցազրույցը չկայացավ: Այնուհետև գնաց Բունտմանը և հարցազրույցը ստացվեց: Էական չէ`ով, էական է` ինչպես»:
Վենեդիկտովը նաև նշել է, որ Բունտմանն առաջին անգամ է գնացել Ղարաբաղ և այնտեղ այցելել է իր պապիկի գյուղ: «Ոչ մի դատապարտելի բան չեմ տեսնում դրանում: Կրկնվում եմ, բայց պիտի ասեմ, որ իր առաքելությունը հիանալի կերպով իրականացրել է»:
«Էխո»-ի ղեկավարը հայտարարել է, որ մտադիր է դիմել ՌԴ ԱԳ նախարարությանը` փորձելով հարթել խնդիրը. «Մենք պետք է վերականգնենք այն իրավիճակը, երբ մեր լրագրողը կարողանա երկու երկրներում էլ լինել»: