ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրավեր-նամակներ է ուղարկել Թուրքիայի բարձրագույն կրթության խորհրդի նախագահին և Ադրբեջանի կրթության նախարարին Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակում Հայաստանում իրականացվող միջոցառումներին մասնակցելու վերաբերյալ:
Բոլոնյան գործընթացը 2011 թվականի հուլիսի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը համանախագահելու են Հայաստանը և Լեհաստանը: Այդ կապակցությամբ ՀՀ կրթության և գիտության նախարարությունը, Բոլոնյան գործընթացի օրակարգի շրջանակներում, նախատեսել է Հայաստանում իրականացնել մի շարք միջոցառումներ: 2011թ. հուլիսի 3-10-ը նախատեսվում է կազմակերպել Միջազգային ուսանողական ամառային դպրոց, որի նպատակն է համախմբել Հայաստանի և Բոլոնիայի անդամ երկների ուսանողներին և քննարկել Բոլոնիայի գործընթացին առընչվող մի շարք կարևոր հարցեր, իսկ սեպտեմբերի 8-9-ը նախատեսվում է անցկացնել միջազգային համաժողով` նվիրված բարձրագույն կրթության ֆինանսավորման խնդիրներին:
Համաժողովի ընթացքում կստեղծվի քննարկումների հարթակ` փոխանակելու տեսակետներ բարձրագույն կրթության ֆինանսավորման տարբեր մեխանիզմների և կրթության որակի, հավասարության ու արդյունավետության վրա դրանց ունեցած ազդեցության շուրջ: