Այսօր ժամը 13.13-ին ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման կենտրոնում ոստիկանության հերթապահ մասից տեղեկատվություն է ստացվել, որ անհայտ քաղաքացուց ահազանգի համաձայն Վիվա-Սել ընկերության գրասենյակի շենքում (Արգիշտի 4/1) ռումբ է տեղադրված:
Դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության աշխատակիցներ և սակրավորներ: Ժամը 14.30-ին որոնողական աշխատանքներն ավարտվել են: Շենքում ռումբ չի հայտնաբերվել: Աշխատանքների ժամանակ բոլոր աշխատակիցներին տարհանել էին շենքից, այժմ նրանք վերադարձել են և գրասենյակի բնականոն աշխատանքը վերականգնվել է:
Հիշեցնենք, որ հինգշաբթի կեղծ ահազանգ էր ստացվել նաև Զվարթնոց օդանավակայանում տեղադրված ռումբի մասին: Մայիսի 22-ին կրկին կեղծ ահազանգ եր ստացվել այն մասին, որ Երևան-Ամստերդամ չվերթի ինքնաթիռում ռումբ է տեղադրված:
Այսօր ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնը տեղեկացրել էր, որ ՀՀ ԱԱԾ մարմինների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մայիսի 23-ին հայտնաբերվել ու ձերբակալվել է կեղծ ահազանգի հեղինակ, Երևան քաղաքի բնակիչ, 1968թ. ծնված, նախկինում երեք անգամ դատապարտված Հայկ Վարդանյանը: