Home / Հայաստան / Նախկին նախարարը փոշմանել է Վրաստան վերադառնալ. Ցասման օրը հետաձգվել է

Նախկին նախարարը փոշմանել է Վրաստան վերադառնալ. Ցասման օրը հետաձգվել է

Վրաստանի ընդդիմադիր արմատական «Վրացական կուսակցությունը» չեղյալ է հայտարարել մայիսի 25-ի համար նախատեսված «Ցասման օր» բողոքի ակցիան:

Կուսակցության առաջնորդներից մեկը` պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլին, ով արդեն մի քանի տարի է` թաքնվում է արտասահմանում, այս օրերին խոստացել էր վերադառնալ հայրենիք` մասնակցելու հանրահավաքին, սակայն մտափոխվել է, հայտնում են տեղական ԶԼՄ-ները:

«Պատճառն այն է, որ չնայած «Վրացական կուսակցության»` Նինո Բուրջանաձեի (խորհրդարանի նախկին խոսնակ, ընդդիմության մեկ այլ ակցիայի կազմակերպիչ) հետ կապ հաստատելու երկշաբաթյա փորձերին, նրանց չի հաջողվել խոսել խորհրդարանի  նախկին խոսնակի հետ: Կարծում ենք, որ զուգահեռաբար երկու ակցիաների անցկացումը հասարակության մեջ շփոթություն կառաջացնի, այդ իսկ պատճառով երեկ մենք շատ բարդ որոշում ենք կայացրել: Մենք հրաժարվում ենք Հավլաբարի հրապարակում ակցիա անցկացնելու մտադրությունից, որպեսզի չխանգարենք «Ազգային ժողովին» իրականացնել իրենց ծրագրերը»,- լրագրողներին պատմել է «Վրացական կուսակցության» նախագահ Սոզար Սուբարին:

Ընդդիմադիր «Ազգային ժողովը» ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 25-ին ակցիա կանցկացնի Ազատության հրապարակում, որպեսզի թույլ չտա իշխանություններին Անկախության օրվա կապակցությամբ «հանգիստ շքերթ» անցկացնել:

Կուսակցությունը պատրաստվում էր միևնույն օրը հավաքել իր կողմնակիցներին «Հավլաբար» կայարանի մոտ, որպեսզի հանրահավաք անցկացնի նախագահական նստավայրի մոտ: