Մայիսի 20-21-ին Եվրոպայի լիբերալ դեմոկրատական կուսակցությունը Դրեզդենում ընթացող խորհրդի նիստի ժամանակ ընդունել է մի բանաձև, որը վերաբերում է Հայաստանի ներքաղաքական զարգացումներին, Մարտի 1-ի հետևանքների վերացմանը և հնարավոր պատժամիջոցներին: Բանաձևը ներկայցրել է Հայոց Համազգային Շարժումը:
Բանաձևի պահանջներն այսօր ասուլիսին ներկայացրել է ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը:
«Պահանջում ենք Հայաստանի իշխանություններից անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել բոլոր քաղաքական բանտարկյալներին: Կոչ ենք անում Եվրոպական խորհրդարանում Լիբերալների և դեմոկրատների ալյանսին (ALDE) բարձրացնել Եվրոմիություն մուտքի արտոնագրի արգելման հարցը հայկական այն պաշտոնյաների համար, ովքեր ներգրավված են եղել քաղաքական շարժառիթներով իրականացվող արդարադատության համակարգի չարաշահմանը:
Կոչ ենք անում ALDE –ին պնդել, որպեսզի ԵՄ-Հայաստան երկխոսության ընթացքում սույն խնդիրը դիտարկվի որպես առաջնահերթություն: Կոչ ենք անում ԵԼԴԲԿ անդամ կուսակցություններին սույն հարցը բարձրացնել որպես առաջնահերթություն իրենց երկրների և Հայաստանի խորհրդարանների համագործակցության շրջանակներում: ԵԼԴԲԿ քարտուղարությանը հանձնարարվում է զեկուցել սույն հարցի շուրջ ԵԼԴԲԿ հաջորդ Կոնգրեսի ընթացքում»,- ասված է բանաձևում:
Արամ Մանուկյանը նաև տեղեկացրել է, որ այս բանձևն ընդունվել է 57 լիբերալ կուսակցությունների 100-ից ավելի պատվիրակների կողմից:
Ի դեպ, Մանուկյանի խոսքով, նախնական համաձայնություն կա, որ հաջորդ նիստը կայանալու է Երևանում: