Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ներում է շնորհել 90 մարդու, այդ թվում` լրագրող, քաղբանտարկյալ Էյնուլա Ֆաթուլաևին, հայտնում է «Ինտերֆաքսը»:
Լրագրողն արդեն տանն է: «Ես դեռևս այդ հրաշքի տպավորության տակ եմ: Բայց միևնույն ժամանակ գիտակցում եմ, որ տեղի ունեցածը օրինաչափություն է: Ես պետք է ազատության մեջ լինեմ», – «Ազատության» ադրբեջանական ծառայությանը ասել է Ֆաթուլաևը: Նա պատմել է, որ երկու ամիս առաջ նամակ էր գրել Ալիևին, որով ներում չէր խնդրել, սակայն «ենթադրություն էր հայտնել, որ արդյունքում ազատության մեջ է լինելու»:
Հիշեցնենք, որ Էյնուլա Ֆաթուլաևը ձերբակալվել էր 2007 թվականի ապրիլի 20-ին` իր «Ղարաբաղյան օրագիր» հոդվածների հավաքաուծով Խոջալուի բնակչությանը վիրավորելու մեղադրանքով, ինչի հետևանքով դատապարտվել էր 2 տարի և 6 ամիս ազատազրկման:
Ձերբակալումից հետո լրագրողին այլ մեղադրանքներ էլ էին առաջադրել, և 2007 թվականի հոկտեմբերի 30-ին ընդհանուր առմամբ Ֆաթուլաևը 8 տարի և 6 ամիս ազատազրկման էր դատապարտվել: 2009 թվականի դեկտեմբերի 30-ին բանտում նրա մոտ 0,2 գրամ հերոին էին հայտնաբերել, ինչի կապակցությամբ նոր քրեական գործ էր հարուցվեր, որի ավարտին դատարանը Ֆաթուլաևի ազատազրկման ժամկետը 2 տարի 6 ամսով երկարացրել էր: