Հայաստանի Հելսինկյան ասոցիացիան դիմել էր ՀՀ արդարադատության նախարարին` Մարդու իրավունքների իրավիճակը Հայաստանում ծրագրի երկրորդ փուլն իրակաանցնելու նպատակով ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներ այցելելու և մոնիտորինգ իրականացնելու թույլտվություն ստանալու համար, որը, սակայն, մերժվել է: Այսօր այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հելսինկյան ասոցիացիայի նախագահ Միքայել Դանիելյանը:
Մերժումը ուղարկվել է ՀՀ ԱՆ ՔԿՎ հասարակայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանի կողմից:
Միքայել Դանիելյանին ուղղված պաատսխանում նշված է հետևյալը. «Բացի այդ, Ձեր ղեկավարած հասարակական կազմակերպության կողմից 2010թ.-ին անցկացված մոնիտորինգի արդյունքների ամփոփումը, թե մի շարք դատապարտյալներ և կալանավորված անձանց, թե քրեակատարողական ծառայության վարչակազմի, թե հասարակության տարբեր շերտերի մոտ առաջացրել է օբյեկտիվ դժգոհություններ: Ելնելով վերոգրյալից` տեղեկացնում ենք, որ ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունը ներկայացված ծրագրի 2-րդ փուլի իրականացումը համարում է աննպատակահարմար»:
«Մինչև 2009թ. մեզ թույլ չէին տալիս մտնել բանտեր, և երբ 2009թ. մենք զեկույց տպեցինք, որտեղ նկարագրել էինք բանտի իրավիճակը առանց բանտ մտնելու, որովհետև իշխանությունները այնքան հիմար էին, որ նստացրել էին իրավապաշտպան, և նա պատմում էր, թե ինչ է կատարվում բանտում, այդպես է մոնիտորինգ իրականացվել: Արշալույս Հակոբյանը չորս ամիս նստել էր բանտում և մեզ համար մոնիտորինգ էր անում: Եվ ասեցինք` տեսեք, մտել ենք առանց մտնելու, ուզում եք էլի տպենք, կարող ենք ավելի վատ բաներ տպել առանց մտնելու»,- ասել է Միքայել Դանիելյանը: