Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն արձագանքել է ղարաբաղյան հիմնախնդրի վերաբերյալ Դովիլում ընդունված հայտարարությանը:
«Մենք բարձր ենք գնահատում նախագահներ Մեդվեդևի, Օբամայի և Սարկոզիի ջանքերն՝ ուղղված ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը:
Այսօր Դովիլում` Մեծ Ութնյակի գագաթաժողովի շրջանակներում, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների ընդունած հայտարարությունը կարևոր ուղերձներ է պարունակում եւ կարող է խթան հանդիսանալ հիմնախնդրի հանգուցալուծման համար:
Հայաստանը միշտ կողմնակից է եղել Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բացառապես խաղաղ ճանապարհով կարգավորմանը և բազմիցս դա ապացուցել է գործնականում, ուստի պարզ է, թե ում է ուղղված այս առնչությամբ հայտարարության մեջ պարունակվող միանշանակ ուղերձը:
Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաև այս կապակցությամբ հնչեցված ուղերձը», – Նալբանդյանի խոսքերն է մեջբերում ԱԳՆ տեղեկատվական բաժինը: