17.03 «Ես միշտ եղել եմ իմ ազգի զինվորը ու շարունակելու եմ ծառայել իմ ազգին», – հայտարարել է րոպեներ առաջ ազատ արձակված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը:
Իր հետագա անելիքների մասին հարցին Միքայելյանը պատասխանել է, որ բոլոր հարցերում մնալու է Հայ Ազգային Կոնգրեսի դիրքորոշմանը և անելու է այն, ինչ Կոնգրեսը ճիշտ համարի:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին դավաճանելու մասին զրույցներին, ապա, Միքայելյանի խոսքով, Սերժ Սարգսյանը եղել է իր մարտական ընկերը:
«Ես նրան չեմ դավաճանել, պարզապես մենք քաղաքական տարբեր դիրքորոշումներ ունենք», – ասել է նա:
Այս պահին Սասուն Միքայելյանը ՔԿՀ-ից ուղևորվելու է Եռաբլուր, այնուհետև իր հայրենիք` Հրազդան: Նշենք, որ Սասուն Միքայելյանին ՔԿՀ-ի մոտ դիմավորողների թվում էր նաև «Սարդարապատ» շարժման նախաձեռնող Ժիրայր Սեֆիլյանը:
16.39 Սասուն Միքայելյանն արդեն ազատության մեջ է: «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի մոտ հավաքված մարդիկ ցնծում են: Նրան շրջապատել են հարազատներն ու ՀԱԿ ակտիվիստները:
16.25 Այս պահին դարպասների հետևից երևաց քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը, հայտնում է Epress.am-ի թղթակիցը: Դարպասների մոտ են հավաքվել բազմաթիվ մարդիկ` Միքայելյանի հարազատները, ՀԱԿ ներկայացուցիչները, ովքեր առավոտից սպասում էին նրա ազատ արձակմանը: