Վրացական ոստիկանությունը հրապարակել է ընդդիմադիր առաջնորդ Նինո Բուրջանաձեի և նրա որդի Անզոր Բիցաձեի միջև իբր կայացած հեռախոսազրույցի ձայնագրությունը: Ըստ այդ ձայնագրության` նրանք քննարկել են Վրաստանում քաղաքացիական պատերազմ հրահրելու հնարավորությունը և համաձայնել են այն մտքի հետ, որ իրենց նպատակներին հասնելու համար հնարավոր է նաև «եգիպտական սցենարն» ու 100-500 մարդկանց սպանությունը:
«Ինչ-որ բանի հասած բոլոր ազգերի հողը արյամբ է սնված: 200 տարի է` արյուն չի թափվել: Հետո դու պետք է իմանաս, որ եթե գործընթացը սկսես, այնտեղ արդեն մի հոգու ոտք կկոտրվի և երկու գլուխ կկտրեն, ուրեմն արդեն վերջ («վերջ» բառը ռուսերեն է արտաբերում)…Այդ ժամանակ դու արդեն հետդարձի ճանապարհ չունես: Իսկ այն, որ ժողովրդի 40 տոկոսը Սահակաշվիլիին է սատարում, ես այդտեղ ոչ մի վատ բան չեմ տեսնում: Եթե նրանք (կառավարությունը) մի քիչ խելք ունենային, հեղափոխության կարիք չէր լինի: Ի՞նչ հիմքերի վրա են 40% -ի մասին հայտարարում: Ինչ է 40%-ն ասում է, որ կքվեարկի՞ Սահակաշվիլիի օգտին», – հեռախոսազրույցի ընթացքում ասում է Բուրջանաձեի որդին:
Ձայնագրության գաղտնազերծումն իրականացվել է երկրում սկսված խռովությունների գիշերվանից հետո, որի ընթացքում երկու ոստիկան մահացավ: Նախագահ Միխեիլ Սահակաշվիլին մեղադրել է Ռուսաստանին «արյունոտ գիշեր» կազմակերպելու մեջ: Նինո Բուրջանաձեն լինում է Մոսկվայում և որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ բանակցություններ է վարում ռուսաստանյան իշխանությունների հետ, հայտնում է Newsru.com-ը: