Home / Հայաստան / Բաղապշի մահը ոչինչ չի փոխում. Վրաստանի ԱԳՆ

Բաղապշի մահը ոչինչ չի փոխում. Վրաստանի ԱԳՆ

Աբխազիայի նախագահ Սերգեյ Բաղապշի մահը տարածաշրջանի քաղաքական իրավիճակը չի փոխի, կարծում է Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Նինո Կալանդաձեն: Նրա խոսքով` մի որոշ ժամանակ անց Աբխազիայում ընտրություններ կկայանան, սակայն «այդ տարածքների օկուպացիայի պայմաններում, այնտեղ ընդունված ցանկացած որոշում ոչ լեգիտիմ կլինի»: Կալանդաձեն կարծում է, որ ոչ ոք իրավունք չունի «անջատողական ընտրություններ» անցկացնել Վրաստանի տարածքում:

«Միջազգային հանրության տեսանկյունից նման ընտրությունները ոչ լեգիտիմ են համարվում և իրավական ուժ չունեն: Հետևաբար, մեզ համար իրավիճակն անփոփոխ է մնում»,- ասել է նա:

Հիշեցնեք, որ Բաղապշը մահացել է կիրակի վաղ առավոտյան Մոսկվայի հիվանդանոցներից մեկում: Մի քանի օր առաջ Բաղապշը տեղափոխվել էր հիվանդանոց: Բժիշկները ստիպված էին եղել աջ թոքի չափազանց լուրջ վիրահատություն կատարել: Վիրահատությունը հաջող էր անցել: Հիվանդը տեղափոխվել էր սովորական հիվանդասենյակ, սակայն երեկոյան նրա վիճակը վատթարացել էր: Նրան կրկին տեղափոխել էին վերակենդանացման բաժին, որտեղ էլ նա կնքել էր իր մահկանացուն:

Բաղապշը զբաղեցնում էր Աբխազիայի նախագահի պաշտոնը 2005 թվականի հունվարի 12-ից, իսկ 2009-ի դեկտեմբերին նրան հաջողվել էր վերընտրվել: