Home / Հայաստան / Ղարաբաղի մասին հարցերին Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց ընդհանուր ձևակերպումներով

Ղարաբաղի մասին հարցերին Ֆրանսիայի դեսպանը պատասխանեց ընդհանուր ձևակերպումներով

Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անրի Ռենոն, ով ընդամենը յոթ ամիս է`  աշխատում է Հայաստանում, այսօր ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնում հանդիպել է  լրագրողների հետ և մոտ 45 րոպե խոսել է  Ֆրանսիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում  ընդգրկվելու պատմության մասին:

Լրագրողների գրեթե բոլոր հարցերին դեսպանը պատասխանում էր բավականին կցկտուր` հատկապես այն հարցերին, որոնք վերաբերում էին ղարաբաղյան հակամարտությանը:

Այդ առնչությամբ նա նշել է, որ ինքը որպես դեսպան պետք է ավելի զուսպ պահվածք դրսևորի:

Այն հարցին, թե ինքն ինչ ակնկալիք ունի Դովիլյան հայտարարությունից, դեսպանն ասել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի նախագահների հայտարարությունը  բավական հստակ, ուժեղ և առանց երկիմաստության արված հայտարարություն էր.

«Դովիլյան հանդիպումից հետո ես սպասում եմ արագ կարգավորմանն ուղղված համաձայնագրի, և այդ համաձայանգիրն արագ կկենսագործվի, որպեսզի լարվածությունը սահմաններին թուլանա, տեղը զիջի վստահությանը, և որ համագործակցությունը չգա փոխարինելու թշնամանքին»,- ասել է Անրի Ռենոն:

Խոսելով նաև Հայաստանում ներքաղաքկան լարվածությունը թուլացնելուն ուղղված վերջին քայլերի մասին` դեսպանը նշել է.

«Կարելի է  միայն ուրախանալ ցանկացած լիցքաթափման գործընթացի համար: Շատ եմ ցանկանում, որպեսզի վերջերս տեղի ունեցած իրադարձությունների ցայտուն մասնակցությունը լինի նաև Հայաստանի այլ ոլորտներում ևս»: