Ադրբեջանը ցանկանում է փոխել ստատուս-քվոն տարածաշրջանում, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայատրարել է Ադրբեջանի նախագահի վարչակազմի արտաքին կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը:
Մամեդովի խոսքով՝ դա նաև ցանկանում է միջազգային հանրությունը, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Ստատուս-քվոյի փոփոխությունը, Մամեդովի կարծիքով, առաջին փուլում կարող է սկսվել Լեռնային Ղարաբաղի շուրջ 7 շրջանների վերադարձից:
«Հույս ունեմ, որ Հայաստանը լրջորեն կարձագանքի ՄԽ համանախագահ երկրների նախագահների հայտարարությանը, որը հնչեցվել է Դովիլում», – Մամեդովի խոսքերն է փոխանցում 1news.az-ը:
«Մենք լուրջ նշանակություն ենք տալիս Ադրբեջանի և Հայաստանի նախագահների` հունիսին Կազանում կայանալիք հանդիպմանը», – հավելել է Մամեդովը:
Հիշեցնենք, որ մայիսի 26-ին Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներ Դմիտրի Մեդվեդևը, Բարաք Օբաման և Նիկոլա Սարկոզին Հայաստանին ու Ադրբեջանին կոչ էին արել «քաղաքական կամք դրսևորել և ավարտել Լեռնային Ղարաբաղի կարգավորման Հիմնական սկզբունքների շուրջ տարվող աշխատանքը հունիսին կայանալիք հայ-ադրբեջանական հանդիպման ընթացքում»:
Նրանք նաև հաստատել էին, որ միայն բանակցությունների միջոցով կարգավորումը կարող է հանգեցնել խաղաղության, կայունության և հաշտեցման` հնարավորություններ ստեղծելով տարածաշրջանի զարգացման ու համագործակցության համար:
ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, արձագանքելով հայտարարությանը, նշել էր հետևյալը. «Հայաստանը հստակ պատասխան է տվել եռանախագահների կողմից ներկայացված հիմնարար սկզբունքների վերջին տարբերակին` որպես հիմնախնդրի կարգավորման համար բանակցությունների հիմք: Եթե Ադրբեջանը տա իր միանշանակ համաձայնությունը, ապա հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել կարգավորման գործընթացում: Ակնհայտ է, թե ում է հասցեագրված հայտարարության մեջ նաև այս կապակցությամբ հնչեցված ուղերձը»:
Ադրբեջանը, իր հերթին, հայտարարել էր, որ «Հայաստանը, հետևելով համանախագահ երկրների հայտարարությանը, պետք է սկսի իր զինված ուժերի դուրս բերումը Ադրբեջանի տարածքներից»: