ԱՄՆ Պետդեպի պաշտոնական կայքում մայիսի առաջին շաբաթվա ընթացքում հրապարակվել էին 2012 թվականի համար նախատեսված ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն (Green Card) տրամադրող վիճակահանության արդյունքները, սակայն, ըստ Պեդեպի, ավելի ուշ պարզվել է, որ համակարգչային ծրագրի հետ կապված սխալները հանգեցրել են անարդար ընտրության, որից հետո ԱՄՆ Պետդեպը չեղյալ է հայտարարել վիճակահանության արդյունքները: Համակարգչային սխալի զոհ են դարձել նաև մի շարք դիմողներ Հայաստանից:
Ինչպես հայտնում է ամերկյան կառույցի պաշտոնական կայքը, շուտով նոր վիճակահանություն կկայանա, որը կիրականացվի «օրենքներին համապատասխան»:
ԱՄՆ-ում բնակվելու թույլտվություն շնորհող նոր վիճակահանությունը կկայանա նախկին դիմումների հիման վրա, որոնք ուղարկվել են համապատասպան կառույցին 2010 թվականի հոկտեմբերի 5-ից մինչ նույն տարվա նոյեմբերի 3-ը: Նախկին դիմումները կրկին կընդգրկվեն վիճակահանության ցուցակում: Ծրագիրը նոր դիմումներ չի ընդունում: Նոր պատահական ընտրության սկզբունքով իրականացվող վիճակահանության արդյունքները, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն մինչև 2011-ի հուլիսի 15-ը:
ԱՄՆ Պետդեպը ներողություն է հայցում այն քաղաքացիներից ովքեր իրենց անունները գտնելով հաղթողների ցուցակում ավելի ուշ ստիպված են եղել հիասթափություն ապրել: