Հայաստանյան ՔԿՀ-ներում՝ հատկապես «Նուբարաշենում», լուրջ խնդիր է դատապարտյալների գերբնակեցումը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ, ՔԿՀ-ներում հասարակական դիտորդական խմբի ղեկավար Արթուր Սաքունցը՝ ներկայացնելով հայաստանյան ՔԿՀ-ներում տիրող իրավիճակը:
Սաքունցի խոսքով՝ նման իրավիճակը համարվում է խոշտանգում:
Անդրադառնալով ՔԿՀ-ներում մահվան դեպքերին՝ իրավապաշտպանը նշել է, որ 2009 թվականին ՔԿՀ-ներում գրանցվել է մահվան 7 դեպք, իսկ 2010-ին՝ 35:
Սաքունցը նշել է, որ մահվան պատճառները կապված են լինում վատ օդափոխության հետ, որը առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում: Բանախոսը որպես այլ խնդիրներ նշել է նաև արտաքին աշխարհի հետ կապ հաստատելը, զբոսանքի և ազատ ժամանցի խնդիրները: Այս ամենը, իրավապաշտպանի խոսքով, կոռուպցիոն ռիսկեր է ստեղծում:
«Մենք բարեփոխումների և առաջարկությունների փաթեթ ենք ներկայացրել մեր դիտորդական խմբի կողմից արդարադատության նախարարին դեռևս այս տարվա փետրվարին և մենք ակնկալում ենք, որ առաջարկությունների վերաբերյալ որոշակի գործողություններ, քայլեր և նաև որոշակի տեղեկատվություն կստանանք»,- ասել է Սաքունցը:
Լրագրողների հետ հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ ԱՆ Քրեակատարողական վարչության հասարկայնության հետ կապերի բաժանմունքի պետ Արսեն Բաբայանը, ով նշել է, որ գերբնակեցման խնդիրը կա, բայց այս դեպքում գերբնակեցումը չափազանցվում է: Նա նշել է, որ երբ ասվում է, որ դատապարտյալները հերթով են քնում, դա չի համապատասխանում իրականաությանը՝ «նման խնդիր այս պահին չունենք և չենք էլ ունեցել»:
«Ինչ վերաբերում է արտաքին աշխարհի հետ կապին, գաղտնիք չէ՝ գերբնակեցման պայմաններում դատապարտյալների շատ լինելու և աշխատողների այս պահին համալրված չլինելու հետևանքով կառաջանան որոշակի դժվարություններ, բայց մինչ օրս չունենք որևէ դժգոհություն` կապված հեռախոսազանգերի, կամ զբոսանքի հետ»,- նշել է Բաբայանը:
Վերջինս տեղեկացրել է, որ Արամվիրում կառուցվում է նոր ՔԿՀ և դրանով կլուծվի նաև գերբանկեցման հարցը: Այստեղ կպահվեն նաև ցմահ դատապարտվածները, որոնց թիվը 100 է:
Բաբայանի խոսքով՝ այս պահին Հայատանում կա 5100 դատապարտված և ձերբակալված, որոնցից 140-ը կին են, 17 անչափահաս, ինչպես նաև նախնական կալանքի տակ գտնվող 20 անչափահաս: