Ռուսաստանին դժվար է ֆուտբոլային տերություն անվանել, այն երբեք չի խաղա այնպես, ինչպես Բրազիլիան և Իսպանիան: «Սովետսկի սպորտի» հետ զրույցում նման կարծիք է հայտնել դերասան Արմեն Ջիգարխանյանը:
Նրա կարծիքով` դա գենետիկ խնդիր է, «Անգամ գնդակին լավ հարվածելու համար որոշակի նախադրյալներ են պետք: Մենք էլ ավելի լավ շայբայով ենք խաղում: Հոկեյը մեր մարզաձևն է: Անգամ եթե մարդիկ Աշխարհի վերջին առաջնությունից հետո այլ կերպ են մտածում»:
Մեկնաբանելով 2018 թվականի Աշխարհի գավաթին տիրանալու Ռուսաստանի մտադրությունները, Ջիգարխանյանը հայտարարել է. «Աշխարհի առաջնությունը հաղթելու շանսերը դեռևս հավասարազոր են լուսավոր ապագա կառուցելու շանսերին: Սակայն ֆուտբոլի շեֆերը հավանաբար ավելի լավ գիտեն: Առավել ևս, եթե դա կառավարության հանձնարարությունն է»:
Ինչ վերաբերում է Հայաստանի հավաքականին, ապա, դերասանի խոսքով, Հայաստանը, Ռուսաստանի պես, ավելի շատ թատերական երկիր է, քան Ֆուտբոլային. «Հայերը թատրոն շատ են սիրում: Այնտեղ անգամ անկեղծ հավատում են, որ Շեքսպիրը հայ է»:
Ըստ Ջիգարխանյանի` հունիսի 4-ին կայանալիք Ռուսաստան-Հայաստան խաղն այնքան սկզբունքային չէ, որքան Հայաստանի և Թուրքիայի հանդիպումները: «Դա պատմական խորը արմատներ ունեցող պատերազմ է, պայքար: Իսկ Ռուսաստան-Հայաստան խաղը ընկերների հանդիպում է»:
Միաժամանակ դերասանը նշել է, որ Հայաստանը նույնպես հավակնում է դուրս գալ խմբից: «Ուզում եմ, որ հաղթի ընկերությունը: Պատրաստվում եմ երկրպագել հենց այդ գաղափարին: Տնային հողաթափերով կնստեմ հեռուստացույցի առջև: Միգուցե և արտասվեմ հիշողություններից»: