Ռոբերտ Քոչարյանի ինտերնետային «ֆան ակումբի» գաղափարը և կայքը պատկանում են նախաձեռնող խմբին, որը կայքի ստեղծման վրա աշխատել է մոտ մեկ տարի: Դրանք մարդիկ են (հիմնականում` երիտասարդներ), որոնք ոչ միայն կիսում են Հայաստանի երկրորդ նախագահի քաղաքական հայացքները, այլև իրական պրոֆեսիոնալներ են ինտերնետ-տեխնոլոգիաների ոլորտում: Այս մասին «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:
Նրա խոսքով` նախկին նախագահի գրասենյակը ամեն կերպ աջակցելու է այդ նախագծին և նպաստելու է դրա զարգացմանը:
«Մենք արդեն մեծ քանակությամբ նյութեր ենք պատրաստել 1998-2008թթ. նախագահ Քոչարյանի գործունեության մասին և մոտ ժամանակներս կփոխանցենք դրանք կայքի կազմակերպիչներին: Միևնույն ժամանակ, մենք չենք միջամտելու բովանդակային հարցերին. դա նախագծի կազմակերպիչների բացառիկ արտոնությունն է:
Օգտվելով առիթից, կցանկանայի Ռոբերտ Քոչարյանի և իր գրասենյակի անունից շնորհակալություն հայտնել կայքի ստեղծողներին հիանալի կատարված աշխատանքի, սկզբունքայնության և հայրենասիրության համար», – ասել է Սողոմոնյանը:
Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանն «ֆան ակումբը»` ոչ պաշտոնական կայքի տեսքով, նպատակ ունի «հավուր պատշաճի լուսաբանել» Քոչարյանի գործունեությունը:
Կայքը իր դոմեյնը գրանցել է մայիսի 10-ին, իսկ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ քարոզչական տեսանյութ տեղադրել տվյալ կայքում մայիսի 30-ին: Տեսանյութում Երևանի փողոցներում մարդկանց ուղղված այն հարցին, թե ում եք ուզում տեսնել Հայաստանի հաջորդ նախագահի պաշտոնում, բոլորը ցուցադրվողները միաբերան հնչեցնում են Ռոբերտ Քոչարյանի անունը` ընդգծելով նրա մարդկային հատկանիշներն ու 10 տարիների ընթացքում կատարած աշխատանքը երկրի զարգացման գործում: