Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, ով այս օրերին գտնվում է Վենետիկում, որտեղ հունիսից մինչ նոյեմբեր անցկացվում է ժամանակակից արվեստի միջազգային 54-րդ բիենալեն, այցելել է հայկական տաղավար, որն այս տարի ներկայացնում են նկարիչներ Մհեր Ազատյանը, Աստղիկ Մելքոնյանը և Գրիգոր Խաչատրյանը:
Պատահականությունների պլանավորման կենտրոնի ղեկավար Գրիգոր Խաչատրյանը Վենետիկում ներկայացված է «պաշտոնական հանդիպումներ» աշխատանքների շարքով: Այսպիսով, վրացական առաջնորդը լրացրել է այն երջանիկների շարքը, որոնց բախտ է վիճակվել հանդիպել Գրիգոր Խաչատրյանի հետ, որի մանիֆեստն ասում է. «Ես մարդ չեմ, ես Գրիգոր Խաչատրյանն եմ: Դուք մարդ չեք, դուք Գրիգոր Խաչատրյանի ժամանակակիցներն եք»:
Սահակաշվիլիի հանդիպումը պատահականությունների գլխավոր նախագծողի հետ անմահացրել է լուսանկարիչ Quynh Dong-ը:
Մինչ Վրաստանի նախագահը, «Պաշտոնական հանդիպումների» հերոս է եղել շինարար Աշոտ Դուրյանը, որի հետ հարցազրույցի ընթացքում քննարկվել են Գեղարվեստի դպրոց հյուրերի համար նախատեսված տան (Գրիգոր Խաչատրյանը հանդիսանում է դպրոցի տնօրենը) կառուցապատման աշխատանքները:
Միևնույն դպրոցի սանիտարահիգիենիկ ծառայության ղեկավար Սուսաննա Մնացականյանի հետ հանդիպումը տեղի էր ունեցել Գրիգոր Խաչատրյանի ծննդյան տոնակատարությունների ժամանակահատվածում (ցանկացած տարվա հոկտեմբերից փետրվար ընկած ժամանակահատվածում և մնացյալ բոլոր ամիսների ընթացքում):
Այս առնչությամբ նա շնորհավորել է Մնացականյանին` մաղթելով նրան հաջողություն, առողջություն, երջանկություն անձնական կյանքում և աշխատանքում «ի փառս հայրենյաց» և «ի սարսափ թշնամյաց»: Կողմերը նշել են մաքրության ֆիզիկական և հոգևոր կարևորությունը բանական մարդու առողջության և կերպարի ներդաշնակ ձևավորման գործում:
Բացի այդ, Գրիգոր Խաչատրյանը նաև խնդրել է իր աշխատակիցներին իր նման ղեկավար ունենալու համար «աստծուն փառք տալու ամենօրյա մոմավառությունները Սուրբ երրորդություն եկեղեցում կատարել ոչ աշխատանքային ժամերին»: Նշենք, որ հանդիպումն անցել էր մաքուր և բարեկամական մթնոլորտում: