Հունիսի 7-ին ԱՄՆ դեսպանատանը նշվել է Միացյալ Նահանգների անկախության ու Անկախության հռչակագրի ընդունման 235-րդ տարեդարձը, հաղորդում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամուլի ծառայությունը:
ԱՄՆ դեսպանատանը կայացած միջոցառման ընթացքում մասնակիցներին իրենց ողջույնի խոսքերն են հղել ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը և ՀՀ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը: Միջոցառման սկզբում Հայաստանի և Միացյալ Նահանգների օրհներգերի կատարմամբ հանդես են եկել Ինգա և Անուշ Արշակյանները, իսկ Հայաստանի պետական ջազ նվագախումբը ներկայացրել է ամերիկյան ջազ:
Այս միջոցառմամբ նաև նշվել է դեսպան Յովանովիչի առաքելության ավարտը, ով վերադառնում է Վաշինգտոն և զբաղեցնելու է ԱՄՆ պետքարտուղարության Հյուսիսային ու Կենտրոնական Եվրոպայի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալի պաշտոնը:
Մարի Յովանովիչն առիթն օգտագործելով շնորհավորել է Հայաստանին` անկախության 20-ամյա տարելիցի առիթով և բաժակ բարձրացրել հայ-ամերիկյան բարեկամության համար, որը «հիմնված է ժողովրդավարության, ազատության և խաղաղության հարցում փոխադարձ օգնության և հարգանքի վրա»:
Նշենք, որ ԱՄՆ-ի Անկախության տոնը նշվում է 1776թ. հուլիսի 4-ից որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների ծննդյան և Անկախության հռչակագրի ընդունման օր: