Մայիսի 24-ին Նյու Յորքի Պլազա հյուրանոցում կայացած Next Generation Indie Book Awards-ի մրցանակաբաշխության ընթացքում ծագումով հայ ամերիկացի գրող Արմեն Մելիքյանի «Ճանապարհորդություն դեպի կուսական երկիր» վեպը լավագույնն է ճանաչվել «հումորային ստեղծագործություն» անվանակարգում:
«Ես հումորային գիրք գրելու մտադրություն չեմ ունեցել»,- ասել է Մելիքյանը: «Իմ ուշադրության կենտրոնում գեղարվեստական մտահղացումն է եղել, թեև ես կյանքը հումորի լույսի ներքո եմ տեսնում` դիտարկելով այն որպես թատերաբեմ, և իմ գործերը, անշուշտ, արտացոլում են դա: Շնորհակալություն եմ հայտնում ժյուրիի անդամներին իմ գիրքը հումորային ստեղծագործությունների շարքում ընդգրկելու համար»,- հավելել է հեղինակը:
«Մատնանշելով «Ճանապարհորդություն դեպի կուսական երկիր» գրքի հումորային կողմերը` նրանք խրախուսում են ինձ ուշադրություն դարձնել իմ գործերի հումորային ասպեկտի վրա»,- ասել է գրողը:
Մելիքյանի գիրքը պատմում է Շուն անունով փողոցային շան մասին, ում հեղինակը ներկայացնում է որպես մի յուրօրինակ հակահերոսի: Շունը սկսում է իր ճանապարհորդությունը դեպի արևմտյան քաղաքակրթություն: Նա կառուցում է աշխարհի իր սեփական պատկերը, ստեղծում անձնական քարտեզ, որը առավելապես արտացոլում է այն արժեքները, որոնք հատուկ են տվյալ երկրին ու ժողովրդին: Յուրաքանչյուր երկիր ստանում է նոր անվանում` համապատասխան Շան ստացած տպավորությունների: Այսպես, օրինակ, Ռուսաստանը, ըստ նրա, կոչվում է Whitebearland (Սպիտակ արջերի երկիր), Գերմանիան ` Hamburgerland (Համբուրգերի երկիր), Իտալիան` Alpacinoland (Ալ Պաչինոյի երկիր), ԱՄՆ-ն` Satanland (Սատանայի երկիր), Թուրքիան` Pashaland (Փաշայի երկիր): Արարատ լեռան ստորոտին, այդ թվում նաև Հայաստանի տարածքում գտնվում է Դրախտը, իսկ Նոր Հայաստանը տեղակայված է ներկայիս Իռլանդիայի վայրում: