Home / Հայաստան / Սեռական բռնությունը Հայաստանում. պաշտոնական թվերը հեռու են իրականությունից

Սեռական բռնությունը Հայաստանում. պաշտոնական թվերը հեռու են իրականությունից

Այսօր` հունիսի 8-ին, տարբեր հասարակական կազմակերպությունների, իրավապահ մարմինների ներկայացուցիչների, Հայաստանի գլխավոր դատախազի գրասենյակի ներկայացուցչի և մի շարք անհատների մասնակցությամբ Հայաստանում կանանց դեմ սեռական բռնության թեմայով կլոր սեղան է անցկացվել:

Մի հարցի շուրջ համակարծիք էին թերևս բոլորը. այն, որ Հայաստանում այս թեմայի վերաբերյալ կրթության և իրազեկման մակարդակի բարձրացման կարիք կա:

Կանանց ռեսուրսային կենտրոնի համահիմնադիր և տնօրեն Լարա Ահարոնյանը բացման խոսքում նկատել է, որ Սեռական հանցագործությունների ճգնաժամային կենտրոնում ստացված ահազանգերի քանակը 2010 թվականի ընթացքում կրկնակի անգամ աճ է գրանցել: Ըստ Ահարոնյանի, այս հանգամանքը պայմանավորված է նրանով, որ վերջին շրջանում մի շարք գովազդային հոլովակներ են հայտնվել ինչպես հեռուստատեսությունում, այնպես էլ թռուցիկների տեսքով, որոնք իրազեկել են մարդկանց իրենց կենտրոնի թեժ գծի մասին:

Թեև Ահարոնյանը զգուշացրել է, որ սեռական բռնությունների թվաքանակի վերաբերյալ պաշտոնական տվյալներ չկան, այդուհանդերձ նշել է, որ իրենց կենտրոն 2010 թվականի ընթացքում 320 ահազանգ է եղել, որը կրկնակի անգամ գերազանցում է 2009 թվականի ցուցանիշը (140): 2010 թվականի ընթացքում ստացված ահազանգերի 40 տոկոսը սեռական բնույթի է եղել, իսկ այդ հանցագործությունների զոհերի 30 տոկոսը ճանաչել են իրենց նկատմամբ բռնություն իրականացնողին:

Հատկանշական է, որ ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության ղեկավար Արթուր Դավթյանն իր զեկույցում նշել է, որ 2010 թվականի ընթացքում իրենց գրասենյակը սեռական բռնության 82 դեպք է գրանցել, ինչը էականորեն տարբերվում է Ահարոնյանի ներկայացրած տվյալներից:

Այդուհանդերձ, նա ասել է, որ իր գրասենյակը տեղյակ է, որ շատ դեպքեր այդպես էլ չբացահայտված են մնում կամ դրանց մասին չի հաղորդվում:

«Գաղտնիք չէ, որ մենք էլ մեր աշխատանքի ընթացքում անվիճելիորեն հանգել ենք այն եզրակացության, որ նման բնույթի հանցագործությունների դեմ պայքարի արդյունավետությունը մեծապես կախված է հանրային իրազեկման մակարդակից: Դեռևս 2009 թվականին, երբ Հանրապետության գլխավոր դատախազի հանձնարարությամբ մենք բավական խորը ուսումնասիրություն և ամփոփում կատարեցինք, սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործությունների գործերով իրականացված դատախազական հսկողության վիճակն ամփոփեցինք, ակնհայտ դարձավ, որ այն թվերը, որ պաշտոնապես գրանցվում են, մեղմ ասած, հեռու են իրականությունից», – ասել է նա:


Լուսանկարը` Լիանա Աղաջանյանի