Այսօր Ազգային Ժողովի շենքի առջև տասնյակ գյուղացիներ բողոքի ակցիա էին կազմակերպել: Գյուղացիները Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Արագած գյուղից էին, ովքեր ԱԺ Վերահսկիչ պալատից պահանջում էին ստուգումներ իրականացնել իրենց գյուղապետարանում:
Epress.am-ի հետ զրույցում ակցիայի մասնակից Վահանը ներկայացրել է խնդիրը:
«Մեր գյուղը տարածքի ամենամեծ գյուղն ա, 4600 բնակիչ ունի, բայց էսօր բոլորն ուզում են գնան գյուղից: Ահավոր լարված վիճակ ա: Ոչ մեկ չի հասկանում` գյուղում ինչ ա կատարվում, ոնց ա աշխատում գյուղապետը: Ինքը գյուղացիներին բաժանել ա յուրայինների ու ոչ յուրայինների»,- պատմել է գյուղի բնակիչը:
Նա նշել է, որ իրենք իրենց դիմումները ստորագրություններով հանձնել են ՀՀ նախագահի նստավայր, ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ Կառավարությանը, սակայն դեռևս ոչ մի պատասխան չեն ստացել:
«Էնքան խնդիրներ կան գյուղում, չեք պատկերացնի: Հողերի օտարում ա տեղի ունենում, գյուղացիները ոչ մի բան չեն իմանում դրա մասին, ուսանողների ուսման վարձի փոխանցում ա կատարում գյուղապետը, բայց փոխանցում ա ապահովված ընտանիքների էրեխեքի համար, ոչ թե անապահով, իսկ գյուղում էնքան մարդ կա, որ տոկոսի, վարկերի տակ են, չեն կարում վճարեն իրանց էրեխեքի վարձերը: Հետո Կառավարության կողմից գարու էլիտար սերմնացու ա հատկացվել գյուղին, որ գյուղապետն էլ տա անապահով ընտրանիքներին, բայց մինչև հիմա տեղյակ չենք, թե որտեղ ա ցանվել էդ գարին, ուր ա գնացել էդ սերմնացուն»,- վրդովված պատմել է գյուղացին:
Նա նշել է, որ իրենց գյուղապետ Գագիկ Պողոսյանը 12 տարի է` զբաղեցնում է գյուղապետի պաշտոնը և վերջերս գրանցվել է Հանրապետական կուսակցությունում:
«Մենք ուզում ենք, որ գան ստուգումներ կատարեն, տեսնեն` ինչ ա կատարվում, որ էդ ժողովուրդը մի քիչ հանդարտվի, թե չէ էս դիմումների պատասխանները եթե բացասական եղան, ամբողջ գյուղը ոտի ա, պատրաստ ա գա Կառավարության դեմ»,- ասել է մեր զրուցակիցը: