ԵԽԽՎ գենդերային հարցերով զեկուցող Դորիս Ստամպը հունիս 14-17-ը կայցելի նախ Վրաստան, այնուհետև` Հայաստան` իրավիճակի գնահատման նպատակով: Նրա առաքելությունը տվյալ երկրներում ժողովրդագրական խնդիրները և հասարակական իրավիճակը պարզելու միտում ունի:
Ըստ Ստամպի` Հայաստանում և Վրաստանում գենդերային անհավասարակշռություն կա` ծնված տղաների թիվն անհամեմատ գերազանցում է աղջիկների թվին: Նման միտումը պայմանավորված է տեխնոլոգիաների արագ զարգացման հետ, քանի որ ծնողները հնարավարություն ունեն նախապես իմանալ երեխայի սեռը և ընդհատել հղիությունն այն դեպքում, երբ ապագա երեխան իգական սեռի է:
Հունիսի 16-17-ին Դորիս Ստամպը Երևանում կհանդիպի ՀՀ Ազգային ժողովի նախագահի, առողջապահության, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարների հետ, իսկ նրա այցի արդյունքների հիման վրա կազմված զեկույցը կքննարկվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 9-ին ԵԽԽՎ-ի տղամարդկանց և կանանց համար հավասար հնարավորությունների հանձնաժողովում, հայտնում է ԵԽԽՎ պաշտոնական կայքը: