«Երբ արտասահմանցիներն ինձ հաճախ հարց են ուղղում այն մասին, թե ինչ է կատարվել Թուրքիայում վերջին շրջանում, ես անդրադառնում եմ ապրիլի 24-ին վերաբերող վերջին իրադարձություններին», – Today’s Zaman-ի իր բլոգում գրում է թուրք հրապարակախոս Օրհան Քեմալ Չենգիզը:
Նա նշում է, որ այդ հարցի դեպքում ինքը պատմում է միևնույն օրը նույն Թուրքիայում կատարված երկու իրադարձության մասին:
«Ապրիլի 24-ին սկսվեց Կարսի «Մարդկության հուշարձանի» ապամոնտաժումը: Հուշարձանի վերացումն արդարացվում է այն հանգամանքով, որ վարչապետը քաղաք կատարած այցելության ժամանակ որակել էր համալիրը որպես հրեշավոր կառույց: Սա անհանդուրժողականության վառ օրինակ էր:
Նույն Թուրքիայում, որտեղ ապամոնտաժվում էր հուշարձանը, հենց այդ նույն օրը Թուրքիայի ամենամեծ տաբուներից մեկի վերացումը հակադրվեց այդ գործողություններին մեր մեծ և փոքր քաղաքներում: Ես խոսում եմ Հայոց Ցեղասպանության հիշատակի արարողությունների մասին: Այդ նույն օրը, ես Անկարայի Սակարյա հրապարակում էի: Հրապարակի սրտում կանգնած մեր փոքրիկ խումբը հնչեցնում էր այն հայ մտավորականների անունները, ովքեր դուրս էին բերվել իրենց տներից 96 տարի առաջ ապրիլի 24-ին և այնուհետև անդարձ կորել էին: Այդ օրը ոստիկանության ուժերը պատ էին ստեղծել մեր և միջոցառմանը դեմ հանդես եկող ցուցարարների միջև: Դեռևս 10 տարի առաջ մենք երազել անգամ չէինք կարող նման բանի մասին: Ոստիկանությունը չէր պաշտպանի մեզ, նրանք անգամ կմիանային ցուցարարներին և կծեծեին մեզ: Ապրիլի 24-ին ոստիկանության վերաբերմունքը չէր կարող նման ձև ընդունել առանց կառավարության կարգադրության:
Կարծում եմ, որ Թուրքիայում ժողովրդավարության հետ կապված իրավիճակը կարելի է համեմատել ապրիլի 24-ին ստացած իմ տպավորությունների հետ: Երկիրը միաժամանակ hետ ու առաջ քայլեր է կատարում:
Կիրակի Թուրքիայում ընտրություններ կկայանան: Բայց ամենայն հավանականությամբ Էրդողանի ընտրությունը որոշիչ դեր կունենա Թուրքիայի ապագայի համար հունիսի 13-ից հետո: Արդյո՞ք մենք կապրենք այնպիսի Թուրքիայում, որտեղ հուշարձաններն ու տաբուները քանդվում են: Ի՞նչ նպատակով Էրդողանը կօգտագործի իր աճող իշխանությունն ու խարիզաման: Գաղտնիք չէ, որ վարչապետը լրջորեն մտածում է երկիրը նախագահական համակարգի փոխելու մասին: Կարող ենք ասել, որ այս նպատակը հուշարձանի դեմ արշավի գլխավոր պատճառն է: Այդ հուշարձանի վերացումը ազգայնականների ձայները հավաքելու միտում ուներ, որպեսզի հետագայում Էրդողանը կարողանա փոխել Սահմանադրությունը: Նախագահ դառնալու համար, Էրդողանը պետք է հաշտվի ռազմական ուժերի հետ: Ոչ ոք չի կասկածում, որ այդ հաշտությունը հիմնված կլինի նվազ ժողովրդավարական սկզբունքների վրա:
Իր ներքին և արտաքին խնդիրները լուծելու, իր մահմեդական ինքնության և ոչ մահմեդական անցյալի հետ հաշտվելու ունակ Թուրքիան աշխարհին ասելու շատ բան կունենա:
Եվ Թուրքիայի անդամագրումը Եվրամիությանը 21-րդ դարի ամենակարևոր իրադրաձությունը կլինի: Թուրքիայում կայանալիք ընտրություններից հետո կտեսնենք վարչապետի ընտրությունները: Հուսով եմ, որ նրա ընտրությունը կկանգնի տաբուների և ոչ թե հուշարձանների քանդման վրա», – գրել է Չենգիզը: