Հայ-թուրքական հարբերությունների հարցում Թուրքիայի ընտրություններից հետո Էրդողանը նոր քայլերի չի գնա: Այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
Ըստ Մանոյանի` Էրդողանն այժմ չունի նախկին քաղաքական ազդեցությունը Թուրքիայում: Բացի դրանից, կա Ադրբեջանի ազդեցության գործոնը, որը, բացի Թուրքիայի ներքին իրավիճակի վրա ազդելուց, ազդում է նաև «Նաբուկո» ծրագրի շրջանակներում Թուրքիայի գործողությունների վրա:
«Դրա արդյունքում` չեմ կարծում, որ Էրդողանը կգնա նոր քայլերի»,- ասել է դաշնակցական գործիչը:
Մանոյանի խոսքով` Թուրքիայում ընտրությունները լավ են կազմակերպվել, իսկ ընտրություններից հետո ձայների քանակի շուտ հրապարակումները և չվիճարկվելը դրական էին Թուրքիայի համար և «ուսանելի` մեզ համար»:
Խոսելով Էրդողանի այն հայտարարության մասին, որ իրենց հաղթանակից հետո Թուրքիան պետք է իր ազդեցությունն ունենա Մերձավոր Արևելքից մինչև Բալկաններ, Մանոյանն ասել է. «Դա ցույց է տալիս, որ Թուրքիան իրեն դիրքավորում է որպես գերտերություն, իսկ մեզ համար շատ կարևոր է Սիրիայի հարցը, որտեղ շուտով Թուրքիան կարող է մտնել և մարդասիրական քողի ներքո գաղթակայաններ կառուցել, սակայն դրանով կուժեղացնի իր դիրքերը Սիրիայում»: