20 օր առաջ Աշտարակում սեռական ոտնձգություն է կատարվել, 40 ամյա մի տղամարդ անառակաբարո գործողություններ է կատարել 4-ամյա մանկահասակ փոքրիկի նկատմամբ, գրում է «Հրապարակ» օրաթերթը.
«Աշտարակում մեծամասնությունը ճանաչում է այս «հերոսին»: Աղջնակի մայրը թեթև վարքի տեր է`մարմնավաճառ, ու նրա հերթական հաճախորդներից մեկը «աչք է դրել» մանկահասակ փոքրիկի վրա, որի հետ կատարել է անառակաբարո գործողություններ: Աղջնակը, ոստիկաններին մանրամասն պատմել է, թե ինչ է արել «մամայի ընկեր դյադյան» իր հետ, սակայն ոստիկանությունը քրեական գործ չի հարուցել: Որպես պատճառ նշում են, թե դատաբժշկական փորձաքննությունը ցույց չի տվել կուսաթաղանթի խախտում, մինչդեռ անառակաբարո գործողությունները միայն բռնաբարություն չեն, դրանք բազում այլ դրսևորումներ ունեն: Հոգեբաններն էլ են օգնել այս եզրակացությանը:
«Նա տեսել է, թե մայրն ինչ է անում, քանի որ հաճախ սեռական գործողությունները տանն են տեղի ունենում, ու չի բացառվում, որ փոքրիկը դա տեսած լինի ու վերարտադրի: Այդ տարիքի երեխաներին հատուկ է վառ երևակայությունը»,- ասում են նրանք: Երեխայի մայրը, բնականաբար, լռում է, ոչինչ չի պատմում: Սակայն այս գործը դուրս է եկել ոստիկանության տնօրինությունից.սրանով սկսել են զբաղվել հասարակական կազմակերպությունները և Արագածոտնի մարզպետարանի կանանց, երեխաների և ընտանիքների հիմնահարցերի բաժինը, որը տեղյակ է մոր վարքագծից և պատրաստվում է օրենքով սահմանված կարգով միջնորդել դատարան`կնոջը ծնողական իրավունքներից զրկելու կամ սահմանափակվելու համար: Ի դեպ, աղջնակը դեմքով ճանաչել է իր նկատմամբ ոտնձգություն կատարած անձին: ՀԿ-ների ներկայացուցիչներն ասում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 142-րդ հոդվածում թեև հստակ նշված չէ, թե որն է «ակնհայտ տասնվեց տարին չլրացած անձի նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարելը»,սակայն իրավաբանները տեսականորեն գիտեն, որ մանկահասակներին համբուրելը, սիրելը, շոյելը այդ գործողությունների շարքին են պատկանում, ու, բնականաբար, այս դեպքում բժշկական փորձաքննությունը նման եզրակացություն չէր կարող տալ»: