Վերջին տարիներին Հայաստանում ավելացել է Ալեքսների, Միլենաների, Էրիկների թիվը: Երկրում էկզոտիկ անունների հանդեպ սիրո մասին նյութ է պատրաստել «Միր» հեռուստաընկերությունը:
Երևանի ԶԱԳՍերից մեկում պահվում են 1946 թվականին գրանցված անունների ակտերը: Տնօրենը բացատրում է. խորհրդային տարիներին տարածված էին գաղափարական անունները, օրինակ, Իլյիչ, Մելս (Մարքս, Էնգելս, Լենին, Ստալին): Այսօր այլ միտումներ են նկատվում:
«Այսօր ամենատարածված, այսպես կոչված, մոդայիկ անունները հայկական ծագում չունեն` Էլեն, Նատալի, Միլենա, Ալեքս, Էրիկ: Բայց ունենք անուններ, որոնք սերնդից սերունդ անփոփոխ են: Դրանք ավանդական հայկական անուններն են` Աշոտ, Գարիկ, Գոռ», – ասել է Էրեբունի համայնքի ԶԱԳՍի տնօրեն Աննա Մկրտչյանը:
Նա չունի գանգուր մազեր, երկար բակենբարդներ, օժտված չէ բանաստեղծի տաղանդով, բայց Պուշկին է, անձնագրով` Պուշկին Մխիթարի Սերոբյան:
«Պատերազմի երկրորդ օրը հորս բանակ զորակոչեցին: Նա նամակ գրեց. եթե տղա ծնվի, անունը դրեք Պուշկին», – իր անվան պատմությունն է ներկայացնում դատախազության գնդապետ Պուշկին Սերոբյանը:
33 տարի նա կրել է Պուշկին անունը, ինչի պատճառով հաճախ զավեշտալի իրավիճակներում է հայտնվել: Երբեմն անունը շփոթում էին ազգանվան հետ, իսկ հարազատներն ու ընկերները կշտամբում էին` լուրջ մարդ ես, անունդ չի համապատասխանում: Որոշեց փոխել անունը, դառնալ Արմեն, սակայն դրանից հետո նրա կյանքում սև գիծ է սկսվել: Կյանքի առեղծվածի մասին նրան ասել է բախտագուշակը:
«Դա կախված էր իմ անվան հետ: Գնացի ԶԱԳՍ ու խնդրեցի, որ անունս կրկին փոխեն Պուշկինի: Ընդամենը երկու շաբաթից զանգ ստացա Ներքին գործերի նախարարից: Նա ինձ հայտնեց իմ նշանակման մասին», – պատմում է Սերոբյանը:
Վանանդ Մխոյանը ոչնչով չի տարբերվում իր հասակակիցներից. սիրում է մեքենաներ, սպորտ, խաղեր: Միակ բանը, ինչով նա առանձնանում է, անունն է: Վանանդը հին հայկական անուն է, որի մասին քչերը գիտեն: «Ինձ դուր է գալիս իմ անունը: Այն յուրահատուկ է, տարբերվում է մյուսներից», – ասում է տղան:
Օրենքով` ծնողներին չի կարելի սահմանափակել անվան ընտրության մեջ, սակայն ԶԱԳՍի աշխատակիցները, այնուամենայնիվ, խորհուրդ են տալիս երեխաներին ավանդական անուններով կոչել: