«Սասուն» ջոկատի հրամանատար, համաներմամբ ազատ արձակված քաղբանտարկյալ Սասուն Միքայելյանը ողջունում է Հայ Ազգային Կոնգրեսի և իշխանությունների երկխոսությունը և կարծում է, որ այս շաբաթվա վերջին Սերժ Սարգսյանը հանդես կգա հայտարարությամբ: Միևնույն ժամանակ, Միքայելյանը երկխոսությունից որևէ դրական ակնկալիք չունի:
«Առաջին անգամ Հայաստանում նման բան է արվում: Իսկ այն, որ որոշ ընդդիմադիրներ ասում են` սխալ են անում, գործարքի են գնում, գումար են վերցրել և այլն, թարգեք էլի: Ես ասել եմ, որ մենք վերջիվերջո պիտի գնանք քաղաքակիրթ ճանապարհով, լեգիտիմ, ընտրությունների, որպեսզի նաև արտաքին աշխարհին ասենք, որ մենք գնում ենք քաղաքակիրթ ճանապարհով»,-ասել է Սասուն Միքայելյանը:
Նրա խոսքով` հենց արտաքին ուժերի և ժողովրդի ճնշման արդյունքում քաղբանտարկյալներն ազատ արձակվեցին:
Հարցին` հանդիպել է ինքն արդյոք նախկին գործընկերների հետ ազատ արձակվելուց հետո, Միքայելյանն ասել է, որ նրանց երեսը առայժմ չի ուզում տեսնել:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա նախկին քաղբանտարկյալը նրան այժմ էլ համարում է իր մարտական ընկերը:
«ՀՀԿ-ի համագումարի ժամանակ ես ելույթ եմ ունեցել, որ սատարելու եմ Սերժ Սարգսյանին, բայց եկավ մի օր, որ մեր քաղաքական հայացքները չհամընկան, և ես ասացի, որ այս թիմով չեմ մասնակցի ընտրութոյւններին, ու արդյունքում` երեք տարի, երեք ամիս…»,- եզրափակել է Միքայելյանը: