«Հայազն» երիտասարդների միությունն այսօր Երևանի Կոնսերվատորիայի դիմացի պուրակում ստորագրահավաք է իրականացնում` Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող անդամ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու պահանջով:
Epress.am-ի հետ զրույցում «Հայազն» երիտասարդների միության կրթադաստիարակչական գործերով պատասխանատու Լիլիթ Պետրոսյանն ասել է, որ արդեն 4300 ստորագրություն է հավաքվել: Նրա խոսքով` ստորագրահավաքն արդեն 5 օր է` անցկացվում է, սակայն մինչ այդ զանգվածային բնույթ չէր կրում:
«Այսօր, ժամը 10:00-20:00-ը զանգվածային ենք կազմակերպել: Մինչև հուլիսի 10-ը ժամանակ ունենք, և արդեն այդ օրը ստորագրությունները երթով կտանենք նախագահական նստավայր: Այդ օրը լրանում է Ժիրայր Սեֆիլյանի 44-ամյակը»,- ասել է մեր զրուցակիցը:
Նշենք, որ քաղաքական գործիչներից ստորագրահավաքին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության անդամ Սեդա Մելիքյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Ադրբեջանահայության լիազոր համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:
Հիշեցնենք, որ մինչ այս երիտասարդները ստորագրահավաքն իրականացնում էին Facebook սոցիալական ցանցի միջոցով:
Նախկինում ևս մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և անհատներ նման ստորագրահավաքներ են նախաձեռնել, սակայն Ժիրայր Սեֆիլյանին մինչ օրս չի շնորհվել քաղաքացիություն: Սեֆիլյանը Լիբանանից Հայաստան է ժամանել 1990 թվականին` Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով: