Home / Հայաստան / Արցախի անկախացումը` Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո. մարքսիստն առաջարկում է

Արցախի անկախացումը` Ռուսաստանի կազմում ընդգրկվելուց հետո. մարքսիստն առաջարկում է

ՀՀ մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ղարաբաղյան հիմնահարցի լուծման սեփական տարբերակն է առաջարկել:

«Այդ տարբերակը պետք է լինի հետևյալը` պաշտոնական Երևանը ԱԺ-ում դենոնսացիայի է ենթարկում 1921 թվականին Հայաստանը մասնատած անեքսիոն պայմանագրերը (նկատի ունի Մոսկվայի, Կարսի պայմանագրերը – խմբ.) և սեպարատ դուրս է գալիս բանակցային գործընթացից, իր տեղը, որպես գլխավոր կոնֆլիկտող և բանակցող, փոխզիջելով Արցախին: Ոչ թե շիթիլ է անում նրան իր հետ: Արցախին տրվում է մանևրելու դիվանագիտական մեծ հնարավորություն սրանով իսկ», – հայտարարել է Հակոբյանը:

Նա նշել է, որ այդ դեպքում Արցախի ԱԺ-ն կարող է դիմել ՌԴ Պետդումային` Արցախը որպես քաղաքական ներքին սուբյեկտ Ռուսաստանի Դաշնության կազմում ընդգրկելու հարցով: Մարքսիստը նշել է, որ Արցախը նույն կարգավիճակը կարող  է ունենալ, ինչպես Բաշկիրիան, Թաթարստանը, Չեչնիան:

Հակոբյանի կարծիքով` այդ կարգավիճակն անկախացման համար միջանկյալ օղակ կլինի: Նա նշել է, որ Արցախն այդ դեպքում կկարողանա պահպանել նաև ազատագրված տարածքները:

«Սրանով մենք ոչ մի թիզ հող չենք կորցնում. դիվանագիտական սեղանին պատմական Արցախը պետք է ներկայացվի իր պատմական-աշխարհարգրական սահմաններով», – ասել է մարքսիստը:

Հակոբյանի կարծիքով` եվրոպական դիվանագիտական «շնաձկներից» ազատվելու այլ ելք չկա: