Home / Հայաստան / Բաքվում ծեծի են ենթարկվել ամերիկացի լրագրողն ու բրիտանացի իրավապաշտպանը

Բաքվում ծեծի են ենթարկվել ամերիկացի լրագրողն ու բրիտանացի իրավապաշտպանը

Հունիսի 15-ի երեկոյան Բաքվում անհայտ անձինք հարձակվել են ամերիկացի լրագրող Ամանդա Էրիկսոնի  և բրիտանացի իրավապաշտպան Սիլյու Դևիսի վրա:

Turan-ի տեղեկությունների համաձայն` սպորտային կազմվածք ունեցող մի քանի երիտասարդներ հարձակվել են աղջիկների վրա և առանց բացատրության սկսել ծեծել նրանց: Ավելի վաղ աղջիկները նկատել էին, որ այդ տղաները հետևում են իրենց: Արդյունքում արտասահմանցիները ծանր վնասվածքներ են ստացել:

Ադրբեջանի Ներքին գործերի նախարարության մամլո ծառայության աշխատակից Օրհան Մանսուրզադեն հայտարարել է, որ չի տիրապետում երկու արտասահմանցիների հետ կապված միջադեպի մասին տեղեկատվության: ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի դեսպանատները դեռ չեն մեկնաբանել միջադեպը:

Էրիկսոնը և Դևիսը համագործակցում էին տեղի հասարակական կազմակերպությունների հետ, թրեյնինգներ էին անցկացնում լրագրողների և քաղաքացիական հասարակության ակտիվիստների համար: Էրիկսոնը համագործակցում է նաև «Վաշինգտոն փոստ» և «Նյու Յորք թայմզ» պարբերականների հետ:

contact.az-ը նշում է, որ նախկինում արտասահմանցի  իրավապաշտպանների և լրագրողների նկատմամբ կիրառվող բռնությունները նման ցուցադրական բնույթ չէին կրում: Հիշեցնենք, որ ապրիլին Բաքվում ձերբակալվել և այնուհետև երկրից արտաքսվել էին Շվեդիայի երեք լրագրողներ: