Հայազն Երիտասարդների Միաբանության նախաձեռնած Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, Մարտական խաչ շքանշանի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանին քաղաքացիություն շնորհելու խնդրով ստորագրությունների թիվը հասել է 7000-ի, հայտնում են նախաձեռնողները:
Միայն երեկ զանգվածայնորեն իրականացված ստորագրահավաքի թիվն օրվա վերջում հասել է մոտ 3000-ի, իսկ մինչ այդ հավաքված ստորագրությունների հետ միասին այն կազմել է մոտ 7000:
Ստորագրահավաքին, բացի անհատներից, միացել են տարբեր քաղաքական գործիչներ և կազմակերպություններ:
Ինչպես երեկ Epress.am-ին հաղորդել էին միության երիտասարդները, քաղաքական գործիչներից ստորագրահավաքին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը, վարչության անդամ Սեդա Մելիքյանը, «Պահպանողական» կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանը, Ադրբեջանահայության լիազոր համագումարի նախագահության անդամ Մարիամ Ավագյանը:
Կազմակերպությունների թվում են Ադանա Հայրենակցական միությունը և Միացյալ Հայրենիք հասարակական կազմակերպությունը:
Հունիսի 20-ից Միաբանությունը կսկսի ստորագրահավաքի երկրորդ փուլը: Հուլիսի 10-ին հավաքված ստորագրությունները Հայազն երիտասարդների միաբանության անդամերը երթով կտանեն և կհանձնեն նախագահի նստավայր:
Հիշեցնենք, որ մինչ այս երիտասարդները ստորագրահավաքն իրականացնում էին Facebook սոցիալական ցանցի միջոցով:
Նախկինում ևս մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ և անհատներ նման ստորագրահավաքներ են նախաձեռնել, սակայն Ժիրայր Սեֆիլյանին մինչ օրս չի շնորհվել քաղաքացիություն: Սեֆիլյանը Լիբանանից Հայաստան է ժամանել 1990 թվականին` Արցախյան շարժմանը մասնակցելու նպատակով: