ՀՀ Հատուկ քննչական ծառայությունը (ՀՔԾ) երեկ տարածած հայտարարության մեջ անընդունելի է համարում այն, որ YouTube կայքում տեղադրված 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունները պատկերող տեսանյութերն ուղեկցվում են «անհիմն և մտացածին մեկնաբանություններով, ինչը զուտ քաղաքական նպատակներ է հետապնդում և շահարկումների տեղիք տալիս»:
Հիշեցնենք, որ հունիսի 16-ին martimek2008 օգտատերը 2 րոպե 45 վայրկյան տևողությամբ տեսայութ էր տեղադրել, որը կոչվում էր «Դիպուկահարի կողմից գնդակահարված Գրիգոր Գևորգյանը»: Տեսանյութին կցված տեքստում օգտատերը նշում է, որ տեսանյութում պատկերված է այն պահը, երբ դիպուկահարները գնդակահարում են Գրիգոր Գևորգյանին, իսկ այնուհետև թույլ չեն տալիս, որպեսզի ցուցարարները օգնություն ցույց տան նրան: Նույն օգտատերն ավելի վաղ մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ևս երեք տեսանյութ էր տեղադրել` «Սահմանապահ զորքերը Ազատության հրապարակում», «Ահա թե ինչպես են կրակում 2008 թվականի մարտի մեկին…» և «Սամվել Հարությունանի գնդակահարությունը …01.03.2008թ»:
Հայտարարության մեջ ՀՔԾ-ն նշում է, որ youtube.com ինտերնետային կայքում 06.06.2011թ տեղադրված տեսանյութը վերնագրված է «Սամվել Հարությունյանի գնդակահարությունը… 01.03.2008թ.», «մինչդեռ տեսանյութում չկա Սամվել Հարությունյանի կամ որևէ այլ անձի սպանության փաստը պատկերող դրվագ»:
«Ավելին, համաձայն դատաբժշկական փորձաքննության եզրակացության` Սամվել Հարությունյանի վնասվածքը պատճառվել է բութ առարկայի ներգործության հետևանքով, իսկ մահը վրա է հասել վնասվածքն ստանալուց ավելի ուշ` հիվանդանոցում, օրգանիզմի ընդհանուր ինտոքսիկացիայից:
Ինչ վերաբերում է 2011թ. հունիսի 16-ին youtube.com ինտերնետային կայքում տեղադրված հերթական տեսանյութին, ապա ապացուցողական իմաստով այն հաստատում է միայն նախաքննությամբ արդեն իսկ ձեռք բերված և հաստատված այն փաստերը, որ Գրիգոր Գևորգյանի դիակը դատաբժշկական փորձաքննությունների գիտագործնական կենտրոն է տեղափոխվել Պարոնյան և Լեո փողոցների խաչմերուկի հանդիպակաց մայթի դալանի մոտ տեղակայված կոշիկի վերանորոգման կրպակի մոտից, և` ոչ ավելին: Մեկ անգամ ևս հորդորում ենք տեսագրությունը կատարած անձանց նախաքննական մարմնին ներկայացնել իրենց ունեցած տեսանյութերն ամբողջությամբ, ինչը կարող է օգտակար լինել նախաքննությանը` որոշակի հանգամանքեր ճշտելու համար: Ոչ կոմպետենտ և շահագրգիռ մեկնաբանությունները միայն դեպքերի, դրանց հանգամանքների աղավաղման և հանրությանը ապակողմնորոշելու միտում ունեն», – ասված է ՀՔԾ-ի հայտարարության մեջ: