Home / Հայաստան / Վրաց պատրիարք. Գարեգին Բ-ն ցանկանում է ամեն ինչ արագ անել, բայց չի ստացվում

Վրաց պատրիարք. Գարեգին Բ-ն ցանկանում է ամեն ինչ արագ անել, բայց չի ստացվում

Վրացական եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն այն թույլ չի տա ուրիշներին ճնշում գործադրել վրաց ժողովրդի և Վրաստանի վրա: Այս մասին Վրաց պատրիարք Իլիա Երկրորդը հայտարարել է հունիսի 19–ին Սուրբ Երրորդության տաճարում կիրակնօրյա քարոզի ժամանակ, հաղորդում է «Georgia Online»-ը:

Պատրիարքն անդրադարձել է այս հարցին` հիշատակելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի այցը Վրաստան:

«Գարեգին Երկրորդը երիտասարդ է, և, թերևս, անհրաժեշտ է, որ նա ավելի մեծ փորձառություն ձեռք բերի: Նա խելացի է, սակայն ցանկանում է ամեն ինչ արագ կերպով անել, ինչը չի ստացվում: Ես նրան ասացի, որ մեծ փորձառություն ունեմ, ուստի հանդարտությունից լավ բան չկա», – նշել է Իլիա Երկրորդը:

Վրաց պատրիարքի խոսքով` Հայոց կաթողիկոսի հետ քննարկվել է երկու երկրների եկեղեցիների հարաբերություններին վերաբերող հարցը: «Հայերը ցանկանում են ավելի շատ եկեղեցիներ բացել  Վրաստանում: Մենք առաջարկեցինք, որ  եթե Վրաստանում բացվում են հայկական եկեղեցիները, հետևաբար Հայաստանում էլ անպայմանորեն վրացական տաճարներ պետք է բացվեն: Մենք պայմանավորվեցինք, որ ապագայում ավելի լավ համագործակցություն կունենանք: Ցանկանում եմ ասել, որ վրաց եկեղեցին բաց է բոլորի համար, սակայն այն թույլ չի տա ուրիշներին ճնշում գործադրել վրաց ժողովրդի և Վրաստանի վրա», – նշել է Իլիա Երկրորդը:

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ՀՀԿ խմբակցության անդամ, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանը, անդրադառնալով եկեղեցիների կարգավիճակի հարցին, հայտարարել էր, որ այդ հարցը չի կարելի նույն հարթության վրա դնել:

«Վրաստանում ապրում է մի քանի հարյուր հազար հայ, իսկ Հայաստանում գրեթե վրացական համայնք չկա», – ասել էր Թորոսյանը: