Հուլիսի 1-ից Երևանի մետրոպոլիտենի ուղեվարձը ներկայիս 50 դրամի փոխարեն կդառնա 100 դրամ։Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է քաղաքապետ Կարեն Կարապետյանը:
Նրա խոսքով` այսկերպ քաղաքապետարանը մտադիր է նպաստել Երևանի մետրոպոլիտենի զարգացմանն ու ներուժի առավելագույն օգտագործմանը։
Երևանի մետրոպոլիտենից տարեկան օգտվում է 20 մլն. ուղևոր, ինչը կազմում է մայրաքաղաքի հասարակական տրանսպորտի ուղևորների 5-6%-ը: 2010թ. ՀՀ պետբյուջեից երևանյան մետրոպոլիտենին հատկացրած դոտացիան կազմել է 1 մլրդ 845 մլն դրամ:
Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը Ազգային Ժողովի հարց ու պատասխանի ժամանակ հայտարարել էր, որ աշխարհում մետրոպոլիտենը համարվում է վնասով աշխատող և սոցիալական տեսանկյունից անհրաժեշտ տրանսպորտային միջոց, որի պատճառով այն 65 տոկոսը պետական բյուջեից միջոցներ է ստանում, 35 տոկոսը սակագնի միջոցով է, որը 50 դրամ է, սակագնի միջոցով է ծածկվում:
Արամյանը նշել էր, որ ապագայում սակագնի բարձրացմամբ պայմանավորված մետրոպոլիտենը կանցնի ինքնաֆինանսավորման:
Ավելի վաղ ուղևարձի բարձրացման դեմ «Ոչ մետրոյի թանկացմանը» խումբ էր ստեղծվել Facebook սոցիալական ցանցում: Էջին միացած 450 օգտատերեր իրենց բողոքն են հայտնում որոշման դեմ:
«Հեսա մի ժամանակ հետո մետրոն կքանդեն ու ռելսերը կծախեն. հեչ չեմ զարմանա, որ տենց բան լինի», – գրում է Արթուր անունով օգտատերը:
Մեկ այլ օգտատեր գրում է. «Մնում ա քաղաքային տրանսպորտն էլ 200 դարձնեն, պրծնենք»:
«Սրանք լրիվ ԻԴԻՈՏ են, հենց սենց… Թող ամեն ինչ թանկացնեն, որ մասով են ախր մտածում? Թողեք հանգիստ ապրենք, արա…Սրա վերջը ինչ ա լինելու? … բառեր չեմ գտնում, չգիտեմ… Ավելի ճիշտ գտնում եմ, բայց լիովին ազատ արտահայտվել չեմ կարող, որովհետև ամենավերջին վատ բառերը կգրեի, իրանց հասնում ա, բայց դե… հասկանում եք….»,- նշում է Արթուրո օգտատերը:
Հայկանուշն առաջարկում է բողոքի ձև ընտրել` մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով.
«Եկեք մեր բողոքն արտահայտենք մեկ շաբաթ մետրոյից չօգտվելով, տեսնենք` ինչ կլինի: Գուցե էդ ձևով հասկանան, որ թանկացումն անտեղի է»: