Home / Հայաստան / Տու-134-ը հարվածել է գետնին և փլուզվել. ուղևորների թվում կա հայ

Տու-134-ը հարվածել է գետնին և փլուզվել. ուղևորների թվում կա հայ

Մոսկվայից դեպի Կարելիայի մայրաքաղաք Պետրոզավոդսկ չվերթ իրականացնող «ՌուսԷյր» ավիաընկերությանը պատկանող Տու-134 ինքնաթիռը վթարի է ենթարկվել:

«Ինտերֆաքսի» փոխանցմամբ` ինքնաթիռը վայրէջք է կատարել ոչ բարենպաստ եղանակային պայմաններում, հարվածել է գետնին և փլուզվել:

Վերջին տվյալներով` ինքնաթիռում գտնվող 52 ուղևորներից 44-ը զոհվել են, 8-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց: Ըստ «ՌԻԱ Նովոստիի»` վիրավորների թվում կա մեկ երեխա, նրա փաստաթղթերը բացակայում են:

Մահացածների թվում է նաև ֆուտբոլային մրցավար Վլադիմիր Պետայը:

Նախնական տվյալների համաձայն, թանձր մառախուղի պատճառով ինքնաթիռը չի կարողացել հասնել թռիչքուղուն և դրանից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ Պետրոզավոդսկի օդանավակայանի մերձակա տարածքում, ընկել է մայրուղու վրա։ Հարվածից ինքնաթիռը մասնատվել է:

Ավիաընկերությունը հաստատում է, որ ինքնաթիռը սարքին վիճակում է գտնվել։

Կարելիայի դատախազության ներկայացուցչի խոսքով`«միջադեպի վայրում սարսափելի պատկեր է: Ինքնաթիռի մասնատված բեկորները հասել են բնակելի շենքերին: Մահացածների մարմիններն ընկած են մայրուղով մեկ»:

Ուղևորների թվում է մեկ հայ` Վահրամ Սարգսի Սիմովյան, ով Ուկրաինայի քաղաքացի է: