Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն պատասխանել է Կարսում գտնվող հայ-թուրքական բարեկամության հուշարձանի ապամոնտաժման վերաբերյալ Եվրախորհրդարանի պատգամավոր Լորենցո Ֆոնտանայի հարցադրմանը:
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ընդգծել է այն փաստը, որ հուշարձանը նվիրված էր հայ-թուրքական բարեկամությանը, սակայն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այն հրեշավոր էր անվանել և կարգադրել էր քանդել:
Շտեֆան Ֆյուլեն իր պատասխանում նշել է, որ իրենք ցավում են, որ հայ-թուրքական բարեկամությանը նվիրված Թուրքիայի միակ հուշարձանը ապամոնտաժվել է:
«Ոչ մի հանձնաժողով, և ոչ մի պետական կառույց չի կարող գնահատել այդ հուշարձանի գեղագիտական արժեքը: Իսկ ապամոնտաժման հարցը միշտ էլ շատ լուրջ որոշում է: Եթե հարցը վերաբերում էր հուշարձանի գտնվելու վայրին, ապա այն կարող էին մեկ այլ տեղ տեղափոխել»,- Ֆյուլեի խոսքերն է փոխանցում Anspress.com-ը: