Հայաստանի համար ամենակարևոր հարցը շարունակում է մնալ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ և արդարացի կարգավորումը: Այս մասին ֆրանսիական Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ամառային նստաշրջանի իր այսօրվա ելույթում հայտարարել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը:
«Բանակցություններն ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, և մենք շնորհակալ ենք համանախագահ երկրներին դրսևորած ջանքերի համար: Շատ կարևոր է, որ այդ երկրների նախագահներն անձամբ են զբաղվում կարգավորման հեռանկարներով: Դա, անշուշտ, մեծ հույս է ներշնչում: Կարևորագույնը, որ տալիս է Եվրոպայի Խորհուրդը և պետք է տա այդ հարցում, կարծում եմ, բոլորդ էլ կհամաձայնեք, հանդուրժողականության արմատավորումն է: Այս տեսանկյունից մենք և’ ցավով, և’ անհանգստությամբ ենք արձանագրում, որ ԵԽ-ի տարածքում դեռ կան ռասիզմի և անհանդուրժողականության դրսևորումներ», – ասել է Սերժ Սարգսյանը:
Նրա խոսքով` ընդամենը վերջերս ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի` Ադրբեջանի վերաբերյալ զեկույցը կրկին հաստատեց հայատյացության և ռասիզմի այն ծայրահեղ աստիճանը, որը տիրում է այդ երկրում:
«Սա մեզ համար ցավալի է, որովհետև դժվար է պատկերացնել, որ ԵԽ-ի անդամ երկրում կարող է լինել նման իրավիճակ: Ցավալի է, քանի որ հստակ պատկերացում ունենք, որ անհանդուրժողականության այդ թույնը ամենամեծ հարվածը հասցնում է հենց թույնը կրող հասարակությանը, բայց սա մեզ նաև անհանգստության տեղիք է տալիս, քանի որ Ադրբեջանը մեր անմիջական հարևանն է, քանի որ մեր անմիջական հարևանությամբ է դեռևս չլուծված մնում ղարաբաղյան հակամարտությունը, քանի որ մենք կարևորում ենք հակամարտության կարգավորման գործընթացում առաջ շարժվելու անհրաժեշտությունը», – ասել է ՀՀ նախագահը:
Նա հիշեցրել է, որ երկու օրից տեղի կունենա Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի նախագահների եռակողմ հանդիպումը, որի նախօրեին համանախագահ երկրները ներդրել են բոլոր ջանքերը, որպեսզի վերջնակաանպես ամրագրվեն հակամարտության կարգավորման հիմանական սկզբուքները:
«Մենք խոսում ենք փոխզիջումների ճանապարհով հարցը լուծելու մասին, բայց մեր դեպքում ստացվում է, որ զիջում պետք է կատարեն նրանք, ով սպասում է մեզ վրա կրակելու հարմար առիթի: Նման իրավիճակում շատ բարդ կլինի որևէ մեկի համար Հայաստանի հանրությանը, Ղարաբաղի հանրությանը դարեր շարունակ այնտեղ բնակվող բնիկ հայ ժողովրդին համոզել, որ անհրաժեշտություն է ինչ-որ զիջումներ անել մի երկրի, որտեղ հայի նկատմամբ կա նման անհանդուրժողականություն և կան ծայրահեղ ռասիստական տրամադրություններ: Անգամ այս պայմաններում մենք, կարևորելով տարածաշրջանային կայունությունն ու զարգացումը, Հայաստանում, Լեռնային Ղարաբաղում և Ադրբեջանում մեծացող սերնդի անվտանգ ապագայի խնդիրը, ցուցաբերելով բարի կամք և կառուցողականություն առաջընթացի ակընկալիքով ենք մեկնելու Կազան: Բայց իհարկե, բոլորս պիտի հասկանանք, որ վերջնական պայմանավորվածությունների ձեռքբերումը, դրանց լիարժեք իրականացումը հնարավորէ միայն, երբ վերանան հայատյացության ու ռասիզմի դրսևորումները Ադրբեջանում, և ձևավորվի վստահության մթնոլորտ: Բնականաբար, չի կարող հարցականի տակ դրվել Ղարաբաղի ժողովրդի ազատ և անվտանգ ապրելու, իր հողի վրա սեփական ճակատագիրը ինքնուրույն տնօրինելու ի վերուստ տրված իրավունքը: Այս առումով, ինչ ակնկալիքներ կարող են լինել Եվրոպայի Խորհրդից` առաջին հերթին չվնասել գործընթացը, ոչ լիարժեք տեղեկացված քննարկումները, իրենց կարճաժամկետ ներազդեցությամբ կողմերին հնարավորություն են տալիս խուսանավելու` ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափի ներքո ընթացող բանակցությունների շրջանակում ձևավորվող երկարաժամկետ լուծումներից: Վստահ եմ, որ ԵԽԽՎ-ի մեր գործընկերների ճշող մեծամասնությունը, երբ արտահայտել արտահայտում, կամ արատահայտելու է ցանկություն Ղարաբաղին առնչվող որևէ քննարկման կապակցությամբ, ապա դա արել, անում կամ անելու է սրտացավությունից և բարի կամքից ելնելով, բայց միաժամանակ չի կարելի բացառել նաև պակաս տեղեկացվածության պայմաններում իրականացվող քայլերի հնարավարությունը, ինչը իրականում մեծապես կարող է վնասել ողջ գործընթացը: Հետևաբար փոքր ինչ զգոն լինելու կոչ- խնդրանքով եմ դիմում բոլորիդ և չվանասելը պետք է դառնա հիմնական ուղենիշ: Իսկ հնարավոր է օգնել : Իհարկե, հնարվոր է: Անկախ նրանից, թե ով ինչպես է պատկերացնում ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորումը, մի բան հստակ է` Ղարաբաղը եղել է, կա, և կման Եվրոպայի մաս: Թեկուզ և չճանաչված, բայց միևնույնն է` մաս: Գիտակցում ենք արդյոք, որ Ղարաբաղի այսօրվա հանրությունը եվրոպական հանրության, եվրոպական ընտանքի մասնիկ է, անկախ իր պետության քաղաքական կարգավիճակից: Եվ ժամանակը չէ արդյոք, որ Եվրոպայի խորհուրդն ուղղակիորեն աշխատի Ղարաբաղի հետ, իր իսկ գործառույթների կարևորագույն դաշտով` Մարդու իրավունքների պաշտպանություն, քաղաքացիական հասարակության ձևավորում, ժողովրդավարություն, հանդուրժողականություն և այլն: Եվ չի լինի արդյոք շատ ավելի տրամաբանական, եթե Ղարաբաղի հետ աշխատանք սկսելուց հետո միայն կառույցը ցանկություն հայտնի քննարկելու Ղարաբաղին առնչվող որևէ հարց: Ի դեպ, նույն ղարաբաղցիների մասնակցությամբ», – հայտարարել է Սերժ Սարգսյանը: