Այսօր ռուսաստանյան Կազանում ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևի միջնորդությամբ կայացած Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը տևել է մոտ 4 ժամ և ավարտվել է առանց ղարաբաղյան հակամարտության կարգավորման Հիմնարար սկզբունքների շուրջ համաձայնության գալու:
Այնուամենայնիվ, հանդիպման արդյունքում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահները համատեղ հայտարարություն են ընդունել, որում ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման ճանապարհին առաջաընթաց են արձանագրել:
«Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահները 2011թ. հունիսի 24-ին հանդիպեցին Կազանում և դիտարկեցին իրենց հանձնարարությամբ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման Հիմնական սկզբունքների նախագծի համաձայնեցման նպատակով տարվող աշխատանքի ընթացքը:
Պետությունների ղեկավարները արձանագրեցին մի շարք հարցերի շուրջ փոխըմբռնման ձեռքբերումը, որոնց լուծումը կնպաստի Հիմնական սկզբունքներին հավանություն տալու համար պայմանների ստեղծմանը:
Հայաստանի և Ադրբեջանի նախագահները երախտագիտություն հայտնեցին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի առաջնորդներին՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման ուղղությամբ նրանց մշտական ուշադրության համար և բարձր գնահատեցին պայմանավորվածությունների ձեռքբերմանն օժանդակելու ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի անձնական ջանքերը», – ասված է երեք նախագահների հայտարարության մեջ:
Նշենք, որ Կազանի հանդիպումը 9-րդ եռակողմ հանդիպումն էր սկսած 2008 թվականից և երկրորդն այս տարի: Նախորդ անգամ կողմերը հանդիպել էին մարտի 5-ին Սոչիում: