ԵԽԽՎ հերթական Ժողովի ժամանակ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երկու խոշորագույն սխալ է թույլ տվել: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Հայ Ազգային Կոնգրեսի համակարգող Լևոն Զուրաբյանը և նշել այդ սխալները.
«Առաջին սխալն այն էր, որ նա հայտարարեց, որ Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, քանի որ հարգում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Ես հուսով եմ, որ այս հայտարարությունը ուղղակի սայթաքում է իր կողմից, և այն պետք է արագորեն շտկել: Սրա վերաբերյալ Տեր-Պետրոսյանը պարզ ձևով ասել է «Մասկովսկիե նովոստի» պարբերականին տված հարցազրույցում, որտեղ նա նշել է, որ միակ պատճառը, որ այսօր Հայաստանը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի անկախությունը, այն է, որ չի ցանկանում տապալել խաղաղ բանակցությունները»,- ասել է Զուրաբյանը:
Սարգսյանի երկրորդ թույլ տված սխալը, նրա խոսքով, նրա այն հայտարարությունն է, թե, եթե այսօր պատերազմ սկսվի, Ադրբեջանը առավելություն կունենա, քանի որ Հայաստանն իր ժողովրդին չի պատրաստել պատերազմի, ինչպես Ադրբեջանը:
«Նախ, ինչո՞ւ չի պատրաստել, եթե կա պատերազմական իրավիճակ, և երկրորդ, նման հայտարարություն ՀՀ գլխավոր հրամանատարը չպետք է անի: Այն մեծացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիա կատարելու պահանջարկը»,- ասել է ՀԱԿ համակարգողը:
Հիշեցնենք, որ հունիսի 22-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մասնակցել էր ԵԽԽՎ-ի հերթականան նստաշրջանին, որտեղ ելույթից հետո պատասխանել է ԵԽԽՎ անդամների հարցերին: