Անցած ուրբաթ Կազանում կայացած հանդիպմանը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը, ի հեճուկս ակնկալիքների, չկարողացան համաձայնեցնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման «ճանապարհային քարտեզը»` խոստանալով շարունակել բանակցությունները: Սակայն հետագա բանակցությունները կարող են ընթանալ առանց Դմիտրի Մեդվեդևի մասնակցության: «Կոմերսանտի» տեղեկություններով` ՌԴ նախագահն այնքան հիասթափված է Կազանի գագաթաժողովի արդյունքներից, որ պատրաստ է դադարեցնել միջնորդի առաքելությունը: Սարգսյան-Ալիև հաջորդ հանդիպումը նա պատրաստ է կազմակերպել միայն այն դեպքում, եթե Հայաստանի և Ադրբեջանի նախագահները վերջապես ստորագրեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը:
Թեև Բաքուն ու Երևանն ասում են, որ պատրաստ են շարունակել բանակցությունները, կազանյան գագաթաժողովի ձախողումից հետո նրանց երկխոսության ճակատագիրը մեծ հարցականի տակ է դրվում: Համաձայն «Կոմերսանտի» աղբյուրի` բանակցային գործընթացին մասնակցող դիվանագետների միջև անակնկալ կերպով հակասություններ են ծագել, որոնք միջնորդները վաղուց լուծված էին համարում: «Հակասությունները վերաբերում են ինչպես տեխնիկական, այնպես էլ էական նշանակություն ունեցող հարցերին, ինչպես, օրինակ, Լեռնային Ղարաբաղի ապագա կարգավիճակը: Սակայն խնդիրը անգամ տարաձայնությունները չեն, այլ այն, որ կողմերը մի քանի անգամ փոխել են իրենց դիրքորոշումները: Բայց այդպես չի կարելի», – պարզաբանել է աղբյուրը:
«Կազանյան հանդիպման ձախողումն իր անմիջական հետևանքները կարող է ունենալ նաև Դմիտրի Մեդվեդևի խաղաղարար գործունեության հարցում, որը 2009 թվականի աշնանից ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի և Հայաստանի հաշտեցմամբ և արդեն 9 եռակողմ հանդիպումներ է կազմակերպել Ռուսաստանի տարածքում:
Եթե մոտ ժամանակներս Ադրբեջանն ու Հայաստանը պատրաստակամություն չհայտնեն որոշել կուտակված խնդիրները, մենք կհամարենք, որ միջնորդ առաքելությունը ավարտված է»,- նախազգուշացրել է պարբերականի զրուցակիցը: Դեռ ավելին, նրա խոսքով` Դմիտրի Մեդվեդևը փաստացիորեն կողմերին վերջնագիր է ներկայացրել: Հաջորդ եռակողմ հանդիպումը կկայանա միայն այն ժամանակ, երբ կողմերը պատրաստակամություն հայտնեն ստորագրել ղարաբաղյան հակամարտության կարգավորման փաստաթուղթը: