Կիրակի Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների ու Տիգրան Մեծ պողոտայում բացօթյա առևտուր իրականացնող առևտրականների միջև դարձյալ վեճ է առաջացել: Տիգրան Մեծ պողոտայի` «Այրարատ» կինոթատրոնից ներքև ընկած հատվածում բացօթյա առևտուր իրականացնողները վերջին 6 ամսվա ընթացքում ակտիվորեն պայքարում են բացօթյա առևտուրն արգելող քաղաքապետարանի որոշման դեմ:
Epress.am-ի հետ զրույցում առևտրականներից տիկին Գայանեն տեղեկացրել է, որ քաղաքապետարանի աշխատակիցները կրկին առևտրականներին հրահանգել են հավաքել իրենց ապրանքն ու հեռանալ, հակառակ դեպքում սպառնացել են խլել ապրանքն ու չվերադարձնել:
«Իրենք ասում են` գնացեք էստեղից, ձեր համար մինի շուկա ենք սարքում, գնացեք էնտեղ առևտուր արեք, բայց ոչ մի մինի շուկա էլ չեն սարքել դեռ: Իսկ այն առևտրի տարածքներում, որ նրանք առաջարկում են, մենք այնտեղ չենք կարող մեր ապրանքը վաճառել, քանի որ մենք քիչ ապրանք ունենք և մեծ շուկայում չենք կարողանա նորմալ առևտուր իրականացնել»,- նշել է տիկին Գայանեն: