Չայկովսկու անվան 14-րդ միջազգային երաժշտական մրցույթի մասնակից Նարեկ Հախնազարյանն ընդունում է իր հասցեին վիրավորական արտահայտություն թույլ տված դիրիժոր Մարկ Գորենշտեյնի ներողությունը: Այս մասին Հախնազարյանն ասել է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին:
«Ամեն ինչ լավ է: Գլուխս, մտքերս հիմա զբաղված են միայն Չայկովսկու անվան մրցույթով: Ես կենտրոնացած եմ երաժշտության, եզրափակիչում իմ ելույթի վրա», – ասել է երաժիշտը:
Հունիսի 25-ին Նարեկ Հախնազարյանի ելույթի փորձի ժամանակ Ռուսաստանի պետական ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի ղեկավար, ՌԴ ժողովրդական արտիստ Մարկ Գորենշտեյնը, դիմելով նվագախմբին, ասել է. «Թող ձեզ բոլորովին չմտահոգի` ինչ է նվագում մեզ ներկայացված այդ տաղանդը, այդ աուլը: Դուք պետք է նվագեք ինձ հետ»: Այս հայտարարությունը վիրավորել է փորձին ներկա լրագրողներին, ում շնորհիվ միջադեպը արձագանք է ստացել հասարակության շրջանում:
«Կցանկանայի ներկայացնել իմ տեսակետը տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ: Նախ` դա եղել է զրույց կոլեկտիվի ներսում: Երկրորդ` հավատացնում եմ ձեզ, որ ես որևէ ազգայնական երանգ չեմ հաղորդել ու չեմ ցանկացել հաղորդել խոսքիս, քանի որ դա խորթ է թե իմ էությանը, թե մեր կոլեկտիվին»,- ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ին ասել է Գորենշտեյնը:
Նրա խոսքով` իրենց կոլեկտիվը բազմազգ է, որտեղ աշխատում են հայեր, բաշկիրներ, բելառուսներ, վրացիներ, հրեաներ, ռուսներ, թաթարներ, ուկրաինացիներ, և ազգային հողի վրա երբեք որևէ միջադեպ չի գրանցվել:
«Ցավում եմ տեղի ունեցածի համար և անկեղծ ներողություն եմ խնդրում բոլոր նրանցից, ում իմ բառերը վիրավորել են», – ասել է Գորենշտեյնը: