Թուրքական տնտեսական և հասարական ուսումնասիրությունների հիմնադրամը (TESEV), որը հովանավորում էր անցած ուրբաթ և շաբաթ օրերին Թուրքիայում ժողովրդավարության զարգացմանը նվիրված կոնֆերանսը, ներկայացրել է խմբի ուսումնասիրությունների տվյալները, որոնք վերաբերում են Թուրքիայի հայ համայնքի դեմ խտրականության դրսևորմանը:
Կիրակի TESEV-ի կողմից հրապարակված ուսումնասիրությունները ներկայացված են եղել «Լսելով Թուրքիայի հայերին» խորագրով զեկույցի տեսքով: Զեկույցի հեղինակները նշում են, որ համաձայն 1923թ-ի Լոզանի պայմանագրի հայկական ինքնությունն ու մշակույթը պետք է պաշտպանված լինեն Թուրքիայում:
Զեկույցում նշվում է, որ Թուրքիայի սահմանադրությունում չպետք է որևէ հղում լինի անձի էթնիկ պատկանելությանը: TESEV-ն ընդգծում է նաև այն, որ թուրքական ինքնությանը վիրավորանք հասցնելու մասին քրեականացնող օրենքը պետք է փոփոխվի և տարածվի նաև Թուրքիայում բնակվող այլ ազգությունների վրա:
«Հաշվի առնելով «կառավարությունը հասարակության համար է» սկզբունքը` կարիք կա փոփոխություններ մտցնել սահմանադրության սույն օրենքներում`հիմնված հիմնարար իրավունքների և ազատությունների վրա», – ասված է զեկույցում:
Զեկույցում նաև նշվում է Թուրքիայի քաղաքացիների տարբեր մշակույթների, լեզուների ու կենսաձևերի պահպանումը պետք է ընդգրկվի պետության առաջնային պարտավորությունների մեջ: Ասոցիացիան նաև հայկական մշակույթը պաշտպանող մի շարք առաջարկներով է հանդես եկել, ինչպես, օրինակ, հայկական և այլ ազգային փոքրամասնությունների դպրոցներին հատուկ կարգավիճակ շնորհելու մասին հարցն է բարձրացրել: Ըստ զեկույցի` կառավարությունը պետք է հայակական դասագրքեր տպագրի, հայ ուսուցիչների դասընթացներ կազմակերպի, ֆինանսավորի ուսուցիչների աշխատավարձերը, համալսարաններում բավականաչափ հայոց լեզվի դասընթացներ և ժամեր ապահովի և աջակցի հայկական ռադիոկայանի աշխատանքին և հայկական թատրոնների բացմանը:
Զեկույցի հեղինակները կարևորում են հոգևորականների և սրբավայրերի սպասավորների կրթության հարցում հավասարության ապահովումը: Նշվում է, որ Սուրբ Խաչ եկեղեցուն կից հայկական դպրոցին պետք է թույլատրել իր սեփական հոգևորականներին պատրաստել: