ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Գլենդեյլ քաղաքի 19-ամյա բնակիչ Նարեկ Կարապետյանը ձերբակալվել է անցած ուրբաթ ոստիկանական ուղղաթիռի ուղղությամբ կանաչ լազերային լույս նետելու համար:
Կարապետյանը բերման է ենթարկվել մոտ կեսգիշերին` Գլենվուդ Ռոուդում, այն բանից հետո, երբ երկու անգամ լազերային լույս է նետել Գլենդեյլի և Բըրբանքի ոստիկանական ուղղաթիռի ուղղությամբ:
19-ամյա Նարեկի արարքը դատապարտելի է համարվում, քանի որ ուժեղ լազերային լույսը կարող է վնասել օդաչուի աչքերը կամ ժամանակավոր կուրության հանգեցնել:
Ուրբաթ երեկոյան ոստիկանության սպա Ռոբերտսոնը և Բըրբանքի իր գործընկերը թռչելիս են եղել ուղղաթիռով , երբ հանկարծ կանաչ լազերային լույսն ընկել է Ռոբերտսոնի աչքերին: Ի դեպ, նրա աչքի եղջրաթաղանթը 15 տարի առաջ այրվել էր նման մի միջադեպի պատճառով:
Նա նկատել է, որ լազերային լույսը Հուվերի Ավագ դպրոցի կողմից է գալիս: Նրանք ստուգել են տարածքը, բայց չեն կարողացել գտնել որևէ մեկին և շարունակել են իրենց աշխատանքը:
Մոտ 45 րոպե անց, երբ նրանք պատրաստվում էին վայրէջք կատարել, լազերային լույսը կուրացրել է Բուրբանքի ոստիկանին:
Անմիջապես վայրէջք կատարելով և ոստիկանության այլ ուժերի դեպքի վայր կանչելով` իրավապահները շրջափակել են տարածքը, ինչի շնորհիվ էլ նրանց հաջողվել է ձերբակալել Կարապետյանին, ով այդ պահին փորձում էր թաքցնել լազերային սարքը ծառի հետևում:
Կարապետյանը պատմել է ոստիկանությանը, որ նա իրոք օգտագործել է լազերային լույսը, բայց նշել, որ դիտավորյալ կերպով չի ուղղել այն ուղղաթիռի կողմ:
Կարապետյանը կարող է քաղաքացիական տույժերի ենթարկվել: